25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Փաշինյանը բացահայտեց պետական դավաճանությունը». Աննա Մկրտչյան

Չնայած Արցախում լարված իրավիճակին, Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար: ՔՊ-ականները երկու ընթերցմամբ կողմ քվեարկեցին և ամբողջությամբ ընդունեցին փոփոխությունը, որով առաջարկում էին վաղաժամ դադարեցնել օրենքով միավորված համայնքի ավագանու լիազորությունները, եթե ավագանու առաջին նիստը չի գումարվում լիազորությունները ստանձնելուց հետո քսան օրվա ընթացքում: Ո՞րն է նման օրենսդրական նախաձեռնությամբ ներկայանալու հրատապությունը կամ անհրաժեշտությունը, եթե կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ Արցախում իրավիճակը խիստ լարված է, և, որ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից:

 

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց, որ այս պայմաններում իշխանությունների համար խորհրդարանի հրատապությունը միայն Վանաձոր համայնքի ղեկավար իրենց կամակատարներից որևէ մեկին կարգելն է.

 

«Ես ուզում եմ նաև իրավական պրոցեսի ձևին անդրադառնանք. Այդ մարդիկ փոփոխություն են բերել ոչ թե օրենքում, այլ օրենքի անցումային դրույթներում: Ցանկացած իրավաբան գիտի, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, թե օրենքի կառուցվածքային տրամաբանության մեջ բովանդակային առումով յուրաքանչյուր գլուխ, բաժին ինչպիսի բովանդակություն պետք է ունենա, և այս բովանդակության մասին նաև սահմանվում է անցումային դրույթներում. Հստակ կետեր կան, թե անցումային դրույթներն ինչը պետք է կարգավորեն, և ամենևին չի նշանակում, որ անցումային դրույթ անունը դնում են, ինչ ասես՝ տակը կարող են լցնել: Այս մարդկանց համար անցումային դրույթը դարձել է օրենքում ազատ տողեր, որոնք իրենց ցանկությամբ կարող են շարադրել: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ արդյո՞ք սա իրենցից որևէ մեկին պաշտոն տալու համար է, թե՞ իրենց հետ քաղաքական առևտրի մեջ մտած հատուկ հանձնակատարներին, որոնք մտածել են, որ ամեն դեպքում հատուկ հանձնակատարին քիչ ենք համաձայնել, գուցե ավելին է պետք»:

 

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, նա նկատեց, որ իշխանությունները 1.5 տարի համոզում էին, որ արդեն խաղաղություն է, նոյեմբերի 9-ը վերջին դժբախտ և դժգույն իրավիճակն էր, որ մեզ հետ կարող էր լինել. «Երբ ասում էին՝ ի՞նչն է խաղաղ, մեր գերիները այնտեղ տանջամահ են արվում, դուք բանավոր հրաման եք տալիս, որպեսզի հայկական զորամիավորումները հետ քաշվեն հայկական տարածքից, դրանց անունը դնում եք անկլավ, ադրբեջանական տարածքներ, և այլն, հիմա էլ ասում եք՝ պարզվեց, որ, ամեն դեպքում, խաղաղություն չէ»:

 

Աննա Մկրտչյանը նկատեց՝ իշխանությունները դարձյալ շարունակում են խոսել խաղաղությունից՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայացրած կետերն իրենց համար ընդունելի են.

«Ինչի՞ մասին են այդ կետերը. Այն մասին, որ հայկական պետությանը դրվում է վերջնագիր, որը ընդունելով՝ դառնալու ենք վերջնականապես կապիտուլյացված երկիր: Գիտե՞ք՝ երևի նոյեմբերի 9-ին Նիկոլը օպերատիվ կապով ավելին էր խոստացել Ալիևին, ու չէր ստացվել դա, որովհետև մենք ունեինք բանակ, որը պայքարում էր, Արցախ, որը պայքարում էր, Հայաստանի քաղաքացիներ, ովքեր այստեղ առանց պետական համապատասխան մարմինների՝ մոբիլիզացվել էին և անում էին ամեն հնարավորը, որը իրենցից կախված է, այսինքն՝ այդ դավաճանության մի փուլը չի ավարտվել Ալիևին խոստացածով, հետևաբար՝ պետք է կամաց-կամաց տրվի էն, ինչ խոստացվել է, պետք է տրվի ավելին, որովհետև դա է այսօր Նիկոլին պահում այստեղ իշխանության»:

Պատգամավորը պարզաբանեց, թե ինչու երկու շաբաթ առաջ Արցախում լարված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ տալուց զերծ մնացող Փաշինյանը հիմա խոսեց Ադրբեջանի գործողությունների մասին. «Երկու շաբաթ առաջ ինքը մտածում էր, որ այն իշխանությունը, որն ունի, այն ուժային կառույցները, որոնք մոբիլիզացրել է իր շուրջ, բավարար են խաղաղության քողի տակ պահելու այդ իշխանությունը: Հիմա երևի տվյալները փոխվել են, և պետք է հայ հանրությանը վախեցնել, ներշնչել, որ անկարող ենք, ոչինչ անել չենք կարող: Այդ մարդը չէ՞ր ասում՝ Սև լճի համար հո պատերազմ չե՞նք անելու, հիմա էլ իրենք արդեն մոտ 10 օր է՝ իրենց ուսապարկերի շուրթերով այն թեզն են շրջանառում, որ հնարավոր է քննարկել՝ Արցախն Ադրբեջանի կազմում: Հիմա ուզում են ասել՝ բա ի՞նչ եք ուզում, հո Արցախի համար պատերազմ չե՞նք անելու»:

Նա նկատեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ հայտարարում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կան դրական ազդակներ.

«Ավելի շահագրգռված մարդիկ, քան թուրքն ու ադրբեջանցին են՝ մեր արտահերթ ընտրությունների արդյունքներով, ես չեմ տեսել աշխարհում»:

Նա հավելեց. «Ընդդիմությանը ռևանշիստ համարում են մե՛կ թուրքերը, մե՛կ Նիկոլը. այս համադրությունը շատ եզրակացություններ անելու հնարավորություն է տալիս»:

Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ նա նշեց, որ ընդդիմությունը չպետք է նստի և աշխարհաքաղաքական վերլուծություններ անի. «Եթե դու ուզում ես քո պետության շահը և գոյությունը համադրել այսօրվա քաոսային աշխարհում, պետք է նվազագույնը վստահ լինես և ունենաս համոզմունք, որ երկրում ունես իրավատեր իշխանություն: Ես մինչև հիմա չունեմ վստահություն առ այն, որ այս մարդիկ գնում են տարբեր երկրներ՝ ներկայացնելու մեր ազգային շահը»:

Աննա Մկրտչյանն ուշադրություն հրավիրեց Փաշինյանի վերջին ելույթի մի դրվագի վրա. «Արցախի հետ կապված իր վերջին ելույթում ի՞նչ ասաց կառավարության նիստին. Հերթական անգամ բացահայտեց պետական դավաճանությունը, ասաց՝ մինչև ադրբեջանցիների գալը մենք հետ էինք քաշվել, ասաց, որ բանավոր պայմանավորվածություն է եղել՝ հետ քաշվելու: Այսինքն՝ դու թուրքի հետ բանավոր պայմանավորվածությա՞ն ես գալիս: Փաստորեն, դու ոչ միայն Սյունիքից հետ քաշվելու հրաման ես տվել, այլև մինչև հիմա շարունակում ես այդ հետքաշման հրամանները տալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ