Պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին. ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը` «մենք ֆաշիստ չենք». ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի՝ Հայաստանին փոխանցված հինգ կետանոց առաջարկներից:
Նա ասաց, թե Հայաստանը մարտի 14-ին գրավոր արձագանքել է այդ առաջարկներին ու դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ խնդրելով աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում, իսկ մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին:
Այդ գնահատականը հետևյալն է՝ մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը ու, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին», – ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե Ադրբեջանի քաղաքականությունը, սակայն, խաղաղության օրակարգից շեղելն է:
Վարչապետն ասաց, թե իրենց այս հայտարարութունից դժգոհ է հայաստանյան արմատական ընդդիմությունը, որոնք քննադատում են իրենց, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք:
Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ի ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երևան վերադարձած ու տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք ու մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունքը հարգելու համար»:
Նրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը, այնպես որ՝ այստեղ որևէ շահարկում տեղին չէ: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր ու հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է ու մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը՝ «մենք ֆաշիստ չենք»», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: