23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահպանել ու կատարելագործել են միայն արատավոր երևույթները. «Փաստ»

Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 4 տարին։ Վերջինիս պաշտոնավարման սկզբում նշում էին, թե նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի իր կառավարման արդյունքները տեսանելի դառնան, ասում էին՝ թողեք աշխատեն: Եվ իսկապես տեսանելի դարձան, բայց այդ «արդյունքներն» այնքան սարսափելի են, որ դեռ շատ երկար ժամանակ է պետք լինելու, որ հաջորդ իշխանությունները կարողանան շտկել վիճակը: Երևի հենց դա է պատճառը, որ այս իշխանությունները շարունակում են հանրային քննարկման դաշտ նետել նախորդ 27 տարիների հարցը՝ բնականաբար, բացասական լույսի ներքո, ամեն ինչի մեղավորությունն անցյալի վրա գցելու կոնտեքստում։

Այո, Փաշինյանի պաշտոնավարմանը նախորդած ժամանակաշրջանում բազմաթիվ բացթողումներ ու սխալներ են եղել, դա անկասկած է: Սակայն՝ մի կողմից՝ բոլոր այդ բացթողումներն ու սխալները միասին պարզապես չեն կարող «մրցել» փաշինյանական ավերումների հետ, մյուս կողմից՝ անբարո է մերժել ձեռքբերումները, որոնք, ողջ բացասականի հետ միասին, եղել են այս 27 տարվա ընթացքում։ Ի մասնավորի, Հայաստանի անկախությունից ի վեր զրոյից անվտանգության համակարգ է կառուցվել, ազատագրվել է Արցախը, պետության ինստիտուտներն աստիճանաբար կայացել են, մարդկանց սոցիալական վիճակը քիչ թե շատ բարելավվել է և այլն։ Իհարկե, կուզեինք, որ Հայաստանը ավելի մեծ տեմպերով զարգացում ապրեր, սոցիալական անարդարության խնդիր չլիներ, սակայն ոչ ոք չի էլ ասում, որ ամեն ինչ անցյալում իդեալական է եղել։ Ամենևին: Իսկ ահա նախկինների դեմ պայքարի դուրս եկած այս իշխանությունների կառավարման ժամանակաշրջանն աչքի է զարնում նրանով, որ կառուցվածի վրա որևէ քար, նույնիսկ աղյուս չեն ավելացրել։

Դեռ ավելին, Փաշինյանի օրոք չի ստացվել պահել նույնիսկ եղած դրականը, և քայլ առ քայլ ապամոնտաժվել ու փոշիացվել է 27 տարվա ընթացքում ստեղծվածը։ Դե, «հասկանալի» է՝ մարդիկ հանդես են գալիս անցյալը մերժելու և սևացնելու կարգախոսներով, ուրեմն և պետք է վերացնեն անցյալից եկող ամեն ինչը։ Այսինքն՝ միակ «առաքելությունը», որ Փաշինյանին մեծ վարպետությամբ հաջողվել է իրականացնել, ոչ թե կառուցելն ու նորը ստեղծելն է, այլ կազմաքանդելը։ Այստեղ «փակագծերում» նշենք մի «շեղման» մասին. այս իշխանությունները, մերժելով նախկինը, կարողացել են հանճարեղ կերպով պահպանել միայն անցյալից եկող արատավոր երևույթներն ու դրանք կատարելագործել: Այ, այստեղ նրանք իրոք հաջողել են…

Եվ հիմա Հայաստանը «վայելում» է Փաշինյանի պաշտոնավարման արդյունքները, ավելի ճիշտ՝ հետևանքները. խաթարված անվտանգության միջավայր, քայքայված ինստիտուտներ, բառի բուն իմաստով բախտի քմահաճույքին թողնված Արցախ, հազարավոր զոհեր, կորսված տարածքներ: Մի խոսքով, գալիս է փաշինյանական «ապագան»: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերությունների բնագավառին, ապա Հայաստանը կորցրել է իր դեմքը և աշխարհի առաջ մուրացկանի կարգավիճակով է հանդես գալիս։ Եվ, հետևաբար, Փաշինյանն ինչքան երկար կառավարի, այնքան մեր պետությունը կորուստներ է կրելու։ Միևնույն ժամանակ, թշնամու հավակնությունները շարունակաբար մեծանալու են՝ նկատի ունենալով, որ այսպիսի նվեր ունեն Հայաստանում:

Թուրքադրբեջանական տանդեմի չափազանց լկտի պահվածքը պատահական չէ։ Մարտի 8-ին հակառակորդը պայթեցրեց Արցախ մտնող գազատարը, ապա տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները Արցախից ձեռքները լվացել են ու ի վիճակի չեն որևէ քայլ կատարել արձագանքելու ուղղությամբ, սկսեցին օրեր շարունակ խոչընդոտել գազամատակարարման համակարգի վերանորոգմանը։ Բայց սրանով Ադրբեջանը չի բավարարվում և գազատարի վերանորոգումից կարճ ժամանակ անց էլ փակում է Արցախ մտնող գազատարը՝ բնակիչներին տևականորեն թողնելով առանց ջեռուցման։ Որոշ ժամանակ անց նույն կերպ էլ Ադրբեջանը կարող է Արցախի էլեկտրամատակարարումը թույլ չտալ, խոչընդոտել ջրամատակարարմանը և, ընդհանրապես, անմարդկային պայմաններ ստեղծել արցախցիների համար։ Մյուս կողմից էլ՝ Բաքվից անընդհատ Լաչինը փակելու սպառնալիքներ ու Արցախից հայկական զինված ուժերը հեռացնելու պահանջներ են հնչում։

Ստացվում է, որ Բաքուն ինչ սանձարձակ քայլերի ցանկանա, կարող է գնալ, և նրան կանգնեցնող չկա, չէ՞ որ նրա առաջ անձամբ Փաշինյանն է կանաչ լույս վառել՝ հայտարարելով, թե Արցախը նաև ադրեջանական է։ Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ հայաթափել Արցախը։ Եվ փոխանակ այս իրողությունները ՀՀ իշխանությունները փորձեն օգտագործել, որպեսզի միջազգային հանրության առաջ ցույց տան, թե անընդունելի է Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ, քանի որ դրանով արցախցիները ցեղասպանության ենթարկվելու խնդրի առաջ են կանգնելու, հետևաբար, ստեղծված իրավիճակում Արցախի ինքնորոշումը՝ համապատասխան երաշխիքներով հանդերձ, միակ ելքն է, իրականում նույնիսկ քայլ անգամ չեն ցանկանում կատարել այս ուղղությամբ և իրենց անգործությունն արդարացնում են՝ վերացական խաղաղության դարաշրջան բացելու մասին դատարկ հայտարարություններով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ