ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնց ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ եւ ականապատել են միջդիրքային տարածքի որոշ հատվածներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի առաջխաղացման փորձերը եւ նրանց կորուստներ պատճառելով՝ ստիպել նահանջել իրենց ելման դիքեր:
Ականազերծման գործողությունների եւ հակառակորդին դիմագրավելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: