Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Թուրքիայից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքների համար
Հայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
««Flyone Armenia» ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին»,-նշել է Անանյանը:
Ավելի վաղ «Flyone Armenia» ավիաընկերության խորհրդից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանն իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: «Flyone Armenia» ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով, իսկ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: