Նահատակված զինծառայողների դիերն ու մասունքները նկուղի հատակին նետելու համար ոչ ոք չի պատժվի. «Փաստինֆո»
Պատերազմում զոհված զինծառայողների դիերն և մասունքները նկուղի հատակին նետելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Քննչական կոմիտեն որոշել է, որ զինվորների մարմինները նկուղում պահելը նորմալ է ու քրեական գործի վարույթը կարճել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Դատապարտելի այս երեւույթի՝ նահատակված հայորդիների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, հարազատները տարածեցին նաեւ սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, իբր, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն’ հուղարկավորելու համար։
Բարձրացված մեծ աղմուկը մեղմելու համար թերեւս երկու օր անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից։ Ապա հայտարարվեց նաեւ քրեական գործ հարուցվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հիմա արդեն ակնհայտ է, որ քրգործի հարուցումն ընդամենը նպատակ էր հետապնդում մեղմել հասարակական դժգոհությունը ու ոչ թե զազրեցի երեւույթի պատասխանատուների գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը։
Օրեր առաջ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի նախաքննությունը, արդյո՞ք քրեական գործով որևէ անձի մեղադրանք է առաջադրվել, թե ոչ և արդյո՞ք քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն պարզվեց, որ նախարարը ոչ միայն չի հարցաքննվել, ոչ միայն մեղադրանք որեւէ մեկի չի առաջադրել, այլ անգամ հետապնդելի արարք չեն համարել զոհված զինվորների մարմինները նկուղում պահելը։
«ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմնի մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ 02. 06. 2021թ Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 49200121 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին »,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Միաժամանակ ՔԿ-ից նշել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել։