26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրվել է Բաքվում, տեղադրվել` հրեական հրապարակումներում

Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ ”Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ”:

 JNS.org կայքը հեղինակին ներկայացնում է որպես մի ”ադրբեջանական իսրայելցու”, որը ”Իսրայելա-ադրբեջանական միջազգային կազմակերպության վարչության անդամ է, Իսրայելում ”Արդարություն Խոջալուի համար” միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգողը և միջազգային հարաբերությունների մասնագետ”:

Տասնյակ ադրբեջանական և թուրքալեզու լրատվամիջոցներ շտապեցին վերահրապարակել այս հայատյաց քարոզչությունը՝ ընդգծելով, որ այն վերցված է ”’հանրաճանաչ” իսրայելյան լրատվական աղբյուրից: Հնարավոր է, որ հոդվածը գրվել է Բաքվում, տեղադրվել իսրայելական և հրեական հրապարակումներում, ապա արտատպվել Ադրբեջանում՝ ընթերցողների մոտ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ այն գալիս է երրորդ կողմի անաչառ աղբյուրից:

Գուտը պնդում է, որ Հայաստանի հրեական փոքրամասնությունը ”խիստ նվազել է ավելի հանդուրժողական” խորհրդային իշխանության փլուզումից հետո… Ավելի ուշ նա ընդունում է, որ ”Հայաստանի շարունակվող տնտեսական անկումը” նույնքան վճռորոշ է եղել հրեաների թվաքանակի նվազման համար՝ ”հինգ հազարից դառնալով ընդամենը մի քանի հարյուր”: Սակայն, Գուտը միտումնավոր չի նշում, որ նույն ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիոն հայ է լքել իր հայրենիքը՝ անտանելի տնտեսական պայմանների պատճառով:

Այնուհետև ադրբեջանցի հրեա հեղինակը մեղադրում է հայերին ”մշակութային բռնության” համար՝ վկայակոչելով հակասեմական գրքերի և հեռուստատեսային ծրագրերի գոյությունը: Սակայն նա դժկամությամբ ընդունում է, որ ”նման ցավալի դեպքեր” տեղի են ունենում ”շատ երկրներում”:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա առանձնացնում Հայաստանը: Հնարավոր է, որ նա հետին մտքեր ունի: Որպես ”Արդարություն Խոջալուի համար” միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգող Իսրայելում”, Գուտը վճարովի գործակա՞լ է, թե՞ այս ծանր`ադրբեջանամետ և հակահայկական հոդվածներ գրելու աշխատանքը կատարում է բարեսիրտ տրամադրությամբ:

Գուտը շարունակում է վարկաբեկել հայերին՝ պնդելով, որ ”Հայաստանում 2.2 մլն չափահաս բնակչության շուրջ 1.3 միլիոնը հակասեմական վերաբերմունք է արտահայտել”: Նա մոլորեցնում է ընթերցողներին՝ թյուր կարծիք ստեղծելով, թե անձամբ է հարցազրույց անցկացրել 1.3 միլիոն հայերի հետ, որոնք ենթադրաբար հակահրեական հայտարարություններ են արել…

Գուտը նկատի ունի հրեական ”Ընդդեմ զրպարտության միության” (ADL) համաշխարհային թերի հետազոտությունը, ըստ որի, պատահական ընտրված  500 հայերի 58 տոկոսը, որոնց հետ հարցազրույց են վարել հեռախոսով, հակասեմական տեսակետներ է արտահայտել:

Քանի որ Գուտի 1.3 միլիոն ցուցանիշը վերցված է ADL-ի հետազոտությունից, ապա նա պետք է նշեր նաև իր սիրելի Ադրբեջանի՝ մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարման երկրներից մեկի նույն հետազոտության արդյունքները, որը ցույց է տալիս, որ 2.4 միլիոն ադրբեջանցիներ (գրեթե կրկնակի ավելի հայերի թվից) հակասեմական վերաբերմունք են տածում:

Քանի որ Գուտը թաքցնում է ադրբեջանցիների տվյալները, եկեք դրանք բացահայտենք և ADL-ի 11 հարցերի պատասխանները համեմատենք Հայաստանի ցուցանիշների հետ.

 1) 3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաները ավելի հավատարիմ են Իսրայելի, քան թե այն երկրի հանդեպ, որտեղ նրանք ապրում են”:

 2)3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.6 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». ”Հրեաները չափազանց հզոր են գործարար աշխարհում”:

 3)3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է». ”Հրեաները չափազանց հզոր են միջազգային ֆինանսական շուկաներում”:

 4)2 միլիոն ադրբեջանցիներ և 1 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաները դեռ շատ են խոսում այն մասին, թե ինչ է պատահել նրանց հետ Հոլոքոստի ժամանակ”:

  5) 3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.3 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաներին չի հետաքրքրում, թե բացի իրենցից, ինչ է կատարվում մյուսների հետ”:

     6) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն միջազգային հարցերի վրա”:

  7) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն Միացյալ Նահանգների կառավարության վրա”:

 8)2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.2 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաները կարծում են, որ իրենք ավելի լավն են, քան մյուս ժողովուրդները”:

 9) 2.3 միլիոն ադրբեջանցիներ և 0.9 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն համաշխարհային լրատվամիջոցների վրա”:

 10) 2 միլիոն ադրբեջանցիներ և 0.8 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Հրեաները պատասխանատու են աշխարհում տեղի ուենցող շատ պատերազմների համար”:

 11) 2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.4 միլիոն հայեր պատասխանել են ”հավանաբար ճիշտ է”. ”Մարդիկ ատում են հրեաներին իրենց վարվելակերպի պատճառով”:

ADL-ի համաշխարհային հետազոտության արդյունքներն ավելի շշմեցուցիչ են Թուրքիայի համար, որտեղ բացահայտվել է, որ 34 միլիոն թուրքեր՝ 49 միլիոն չափահաս բնակչությունից, հակասեմիտ են (գրեթե 70 տոկոսը):

Գուտն ավարտում է իր հակահայկական խզբզանքը՝ այսպես կոչված Խոջալուի ջարդերը ներկայացնելով որպես ”20-րդ դարի ամենաաղետալի ողբերգություններից մեկը”, դրանով իսկ ”613 անձանց” ենթադրյալ սպանությունները Խոջալիում Արցախյան պատերազմի ժամանակ հավասարեցնելով Հրեական հոլոքոստի վեց միլիոն զոհերի և Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հետ…

Գուտը հավանաբար տեղյակ չէ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերին. ”Քարեր մի նետեք ձեր հարևանների ուղղությամբ, եթե ձեր տան պատուհանները ապակյա են”…

Հարութ Սասունյան       

”Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ