Նախկին վարչապետը սպեկուլյատիվ գործոն է տեսնում
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով` երկրում ստեղծված տնտեսական իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է, սակայն չի կարելի ասել` անվերահսկելի է: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
‘’Խուճապը նման իրավիճակում ամենաբացասական ազդեցությունն է թողնում: Եվ երբեմն մեր նախաձեռնած կարգավորումները խուճապի արդյունքում զրոյացվում են’’,-ասաց նա: Ըստ պատգամավորի` նման իրավիճակում ԿԲ-ի քայլերը քիչ են:
”Ավելի ակտիվ միջամտությունների ու կարգավորման անհրաժեշտություն կարող է զգացվել, նաև վարչական միջամտությունների: Սա իմ կարծիքն է, բայց ենթադրում եմ, որ այն գործիքակազմը, որն իր ձեռքի տակ ունի Կենտրոնական բանկը բավարար են` իրավիճակը կառավարելի դարձնելու համար: Մի բան է ակնհայտ է, որ մենք չէինք կարող ազդել նրա վրա, որ Միացյալ Նահանգների ռեզերվների, ռեզերվային ֆոնդի, ըստ էության ամենամսյա, նոր՝ շրջանառության մեջ մտցված դոլարի ծավալը կրճատվել է’’:
Ըստ Հարությունյանի` գլոբալ առումով ձևավորել է դոլարի նկատմամբ պահանջարկ, ինչը օբյեկտիվ գործոն է և չէր կարող անդրադարձ չունենալ ՀՀ տնտեսության վրա:
Իսկ որ Հայաստանում 15 տոկոսի և ավելի բարձր ցուցանիշների մասին է խոսքը, ԵՄ երկրների պարագայում՝ 3-4, սա մի շարք բացատրություններ ունի, որոնցից մեկն էլ փողի արժեքն է:
ՀՀ նախկին վարչապետը սպեկուլյատիվ գործոնն էլ է ընդգծում՝ նկատի ունենալով հատկապես կտրուկ և մասնավորապես, երեկվա ու այսօրվա թռիչքները, երբ մեկ դրամը 470 դրամից դարձավ 515 դրամ: