Արամ Մանուկյանը վախեցած չէ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի համար ակնհայտ է, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածողը մենակ չի գործել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ”Նրան հետևել են, նրան ուղեկցել են, քանի որ նրան հարվածողը կես րոպե առաջ է մտնում շքամուտք: Հանցագործը հովանավորում է իշխանությունների կողմից,”,-ասաց նա: Ըստ Ջհանգիրյանի` սա, ինչպես նաև ազատամարտիկների նկատմամբ իրականացված բռնությունների դեպքորը դատապարտելի են, և ի վերջո Ազգային ժողովը պետք է կարողանա միասնական հայտարարությամբ հանդես գալ:
”ԱԺ-ն արդեն ուշացել է բռնությունների այս շարքին արձագանքելուց, որովհետև եթե մենք չենք արձագանքում ազատամարտիկի, նախկին գնդապետի ծեծին, որ երկար տարիներ ծառայել է ՀՀ ՊՆ համակարգում, նրանք հասարակության մեջ պետք է լինեն ամենապաշտպնաված ու գուրգուրված խավի ներկայացուցիչները”,-նկատեց նա: ”Հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը բարիերը կհաղթահարի ու ԱԺ-ի միասնական հայտարարություն կունենանք”,-հավելեց պատգամավորը:
Նա նշեց, որ արտահերթ նիստը պետք է սկսվեր ԱԺ նախագահի դատաարտման ու ցավակցական խոսքով, սակայն այդպես չեղավ, ՀՀԿ-ը չցանկացավ այս հարցը նաև արտահերթ նիստում քննարկել, այդ պատճառով էլ ոչ իշխանականները բոյկոտեցին նիստը: ”Քանի որ նման անտարբեր վերաբերմունք էր մեր գործընկերոջ հետ տեղի ունեցած այդ դժբախտ դեպքին, չասեմ հանցագործությանը, ուստի մենք որոշեցինք բոյկոտել”: Գագիկ Ջհանգիրյանի խոսքով` այդ բռնությունները մի նպատակ ունեն` վախեցնել այս անձանց, հետ պահել իրենց քաղաքական պայքարից: ”Հիմա արդյոք վախեցել են, թե ոչ, կարծում եմ` այդ մասին հայտարարել են թե ազատամրտիկները, թե մյուսները: Արամ Մանուկյանը, տեղյակ եմ, չի վախեցել, երեկ էլ եմ մոտն եղել, վախեցած չէր”: