Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չի ձևավորել. Փաշինյանն՝ իր և Ալիևի հանդիպման մասին
Մենք, այնուամենայնիվ, կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Այո՛, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի հումանիտար, այդ թվում՝ գերիների հետ կապված։ Եվրամիության՝ Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն», – ասաց վարչապետը։
Նա նշեց՝ չի կարծում, որ ճիշտ է ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից։
«Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չի ձևավորել։ Խնդիրն այն է, որ, այո՛, կա լարվածություն մեր տարածաշրջանում և այդ լարվածությունը հաղթահարելու համար պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական արդյունքներ կամ գերագնահատված լուծումներ և փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել», – ասաց վարչապետը։