Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց պարբերական քաղաքական երկխոսությունը` Հայաստանի և Լատվիայի միջև, որը նպաստում է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ռինկևիչն ասաց, որ Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու` բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։
Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությանը։
Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և կարևորվեց նոր համաձայնագրերով դրա համալրումը։
2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:
Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։
Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիս: