Նոր փաստաթղթերը վերջնականապես ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը․ Սեյրան Օհանյան
2020 թվականին, մոլորեցնելով հայ ժողովրդին, Արցախին, սթափ գնահատական չտալով թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած հանցագործությանը, Արցախի նկատմամբ պատերազմական գործողություններին, ջարդելով հայ ժողովրդի դիմադրության մակարդակը, հավաքական կամքը, այս իշխանությունները Հայաստանը բերեցին կապիտուլյացիայի։ 2021 թվականի այս իրականության մեջ խոսակցություններ են տարվում են նոր, համապատասխան փաստաթղթեր ստորագրելու մասին։ Այդ համապատասխան փաստաթղթերը վերջնականապես ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա շեշտեց, որ «Հայաստան» դաշինքն ու խմբակցությունն այս ամենի դեմ իրենց պայքարը գաղափարականից բացի, նաև գործնական հարթությունում են տանելու, ինչն արտահայտվելու է նաև Ազատության հրապարակում նոյեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքով։
«Դարերով մեզ փոխանցված առանձնահատկությունը, որ վտանգի պահին մենք եղել ենք միասնական, միասնական ջանքերով ենք կարողացել մեր երկրի, ժողովրդի ապագան ապահովել, այդ միասնականության թեզը, հավաքականության կամքը այս իշխանությունների կողմից ջարդվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Որպեսզի արտաքին և ներքին թշնամիների շարունակական հարվածների ներքո չգտնվենք, իրականացնելու ենք մեր ազգային դիմադրության մակարդակը բարձրացնելու գործընթաց», – շեշտեց Սեյրան Օհանյանը։
Ոչ հայանպաստ որոշումներից ու գործողություններից երկիրը զերծ պահելու միակ տարբերակ նա համարեց գործող իշխանության հեռացումը՝ նշելով, որ պարտություն, կապիտուլյացիա բերած իշխանությունները, որոնք գտնվում են պարտադրանքի ներքո, երբեք չեն կարողանալու ապահովել Հայաստանի ապագան ու զարգացումը։