22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարության գերակարայությունը՝ քաղաքացի-անհատ

   Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Երեւանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովին, որին ներկա են եղել պետական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ այլք:

    Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին քաղաքակիրթ եւ համակողմանիորեն կայացած հասարակությունների ձեւավորման գործում կարեւորագույն դերակատարություն ունեցող տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովի անցկացման կապակցությամբ:

        Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանելի մաս են կազմում: Վարչապետի խոսքով՝ դրանք կարեւորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության եւ պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում:

“Մարդկության զարգացման եւ պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում եւ ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձեւակերպումներից շատ առաջ, մարդիկ, առաջին հերթին, դրսեւորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի եւ արդարության սկզբունքի նկատմամբ: Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են, եւ հասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայն սեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ: Այն ավելի խորքային է եւ ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ տնտեսական եւ սոցիալական արդարության երաշխիք”,- ասել է կառավարության ղեկավարը:  

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին եւ նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը: Վարչապետի խոսքով՝ այս մոտեցման փիլիսոփայությունը խարսխված է այն առանցքի շուրջ, որ երկրում պատշաճ ինստիտուտների զարգացումը եւ բարենպաստ միջավայրի ձեւավորումը պետք է ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման հնարավորություններ ընձեռեն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման ջանքերը, արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման քաղաքականության ողջ գործիքակազմը, գործարար միջավայրի, տեսչական համակարգի եւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող բարեփոխումների փաթեթն ուղղակիորեն միտված են գործարարի ու քաղաքացու տնտեսական իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ երաշխավորելուն: “Այս համատեքստում է, որ այսօր ավելի լրջորեն պետք է մտորել Հայաստանի զարգացման մոդելի շուրջ` հաշվի առնելով մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, մեր ժողովրդի բնատուր տաղանդն ու ամրագրել այն թիրախը, որին ձգտելու եւ հասնելու համար անհրաժեշտ նախապայման է հավաքական մտածողությունն ու փոխհամաձայնությունը:

Հասարակությունների տեխնիկական վերափոխումների ներկա դարաշրջանում, երբ գիտելիքն է առաջընթացի երաշխիքը, Հայաստանը պետք է եւ կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզ կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք եւ տեխնոլոգիա մատակարարող երկրի”,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների եւ տնտեսական իրավունքների լիարժեք իրացում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ