Պատերազմի վտանգը նշմարելի դարձավ 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակում հանդիպեց Իլհամ Ալիևին․ Նաիրի Հոխիկյան
Պատերազմի վտանգը նշմարելի դարձավ 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, որից հետո նրանք երեկոյան առանձնացան, և հետո ես որոշ տեղեկություններ ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում լուծել հակամարտության հարցը, «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովին ասաց լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը:
Հոխիկյանը իր ներկայացրած դրվագին հաջորդած մեկ այլ փաստի էլ անդրադարձավ․ թե ինչպես էր Փաշինյանը Դուշանբեում կայացած հանդիպումից հետո Ալիևին «կիրթ» ու «կառուցողական» որակում։
«Որպես ոլորտը 15 տարի ուսումնասիրող մասնագետ, որպես ոլորտի ներկայացուցիչ, ես հասկացա, որ տեղի է ունենում լրագրողական պարզ մանիպուլյացիա, մարդկանց ուղեղների «լվացում» թշնամու նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նպատակով և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում», – ասաց նա։
Լրագրողը նշեց նաև, որ իրեն այդ ժամանակ տեղեկություն են փոխանցել, ըստ որի Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում կազմակերպել Արցախի գոնե մի քանի շրջանի հանձնում առաջին փուլով։ Այս և մի շարք փաստեր, նրա մեկնաբանմամբ, վկայում են, որ պատերազմն սկսվելուց առաջ արդեն պարզ է եղել դրա ելքը։
«2021 թվականի գարնանը ես հստակ տեղեկություններ ստացա, որ 2019 թվականի հունվարին Հայաստանի որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Թուրքիայի որոշ ներկայացուցիչների հետ, որտեղ Թուրքիայի կողմից պայման է դրվել Քարվաճառի, Շուշիի և Արաքսի հովտի դիմաց 5 միլիարդ թուրքական դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ, իսկ հետո աստիճանաբար բացվեն սահմանները։ Տեսնում եք արդեն, որ սահմանների աստիճանաբար բացման գործընթաց է գնում, աստիճանաբար Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները խոսում են փոխադարձ դրական ազդակների մասին, և քայլեր են արվում, որ Հայաստանում հակառուսականությունը հասցվի մի այնպիսի մակարդակի, որ ռուսական գործոնը որպես այդպիսին, հեռացնեն Հայաստանից, ինչից հետո արագ կբացվի Թուրքիայի հետ սահմանը», – ասաց Հոխիկյանը։