Խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից. ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է․ Թագուհի Թովմասյան
Խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում տեսնել, լսել այս խեղկատակությունը, լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա դուրս էր եկել սահմանային և անվտանգային հարցերի շուրջ ընդդիմության նախաձեռնած փակ քննարկումից, որտեղ որպես զեկուցողներ հանդես են գալիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:
«Ոչ մի հարցի, ըստ էության, պատասխան չի տրվում. ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է, բայց նախ՝ պատգամավորների մեջ կան պետական գաղտնիքի կրողներ, բացի այդ, նույնիսկ սահմանի երկայնքի չափը չի ասվում, ասվում է պետական գաղտնիք։ Սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ», – ասաց Թագուհի Թովմասյանը։
Նա հայտնեց, որ ինքը պարզ հարցեր է ուղղել քննարկմանը, որոնք հրապարակային հնչեցնում է ուղիղ մեկ տարի ՝ ինչո՞ւ կահավորված չեն ՀՀ սահմանները, ինչո՞ւ ադրբեջանցիները ՀՀ պետական սահմանը կարողացան հատել՝ առանց մեր կողմից որևէ դիմադրության։
«Ես իմ այս երկու ամենակարևոր հարցերի պատասխանները չստացա և դուրս եկա։ Հարցերս Քոչունցին էին ուղղված, որովհետև ՀՀ ԶՈՒ պատասխանատուն տվյալ դեպքում դահլիճում ներկայացված է Կամո Քոչունցի տեսքով, և նա պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին։ Բայց այն վարքագիծը, որը նա դրսևորում է, կամ ամեն ինչից կիսատեղյակ է ձևանում, կամ խուսափում է կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց, սա ուղղակի անիմաստ քննարկում է», – ասաց պատգամավորը։
Թովմասյանը շեշտեց, որ իր գործընկերների հարցերին ևս հստակ պատասխաններ չեն տրվել։