Մոնարխ Գագիկ Ծառուկյանը. Ժամանակ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրիում հայտարարել է, որ Ծառուկյան ազգանունը Աստված է տվել հայ ժողովրդին, եւ ինքը սրբությամբ պահելու է այն: Սրան զուգահեռ` Ծառուկյանը հայտարարել է, որ համաժողովրդական շարժումը ծավալվում է եւ թափ է հավաքում:
“Ժամանակ”-ի դիտարկմամբ, սակայն, համաժողովրդական շարժումն արդեն պատմություն է, եւ Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, մոնարխիստական շարժում է հռչակում Հայաստանում: Խնդիրն այն է, որ միապետներն էին, այսպես ասած, Աստծո տվածը, այսինքն` միապետների իշխանությունն էր համարվում աստվածային ծագման, եւ այդ իսկ պատճառով նաեւ այդ իշխանությունը փոխանցվում էր ժառանգականորեն:
Ժողովրդավարական համակարգերում եւ հասարակարգերում, ժողովրդավարական մշակույթներում Աստված որեւէ ազգանուն կամ որեւէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին կամ հասարակություններին: Նման համակարգերում Աստված մարդկանց ինչ-որ մեկի անունը կամ ազգանունը տալու փոխարեն, կյանք է տալիս եւ բանականություն, ըստ որի նրանք ընտրություն են կատարում եւ քաղաքական գործունեության մեջ մասնավորապես ընտրում են իրենց լիդերներին, անհատների կամ խմբերի են ընտրում:
Եվ եթե համաժողովրդական շարժման առաջնորդը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյան ազգանունն Աստծո տվածն է, ապա այստեղ ակնհայտ է սահուն անցումը համաժողովրդականից համամիապետականի: Այնպես որ, Հայաստանում կարող են ասել` սկսված է միապետա-դեմոկրատական հեղափոխություն, բուրժուականն այլեւս անցյալում է:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: