24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ շունն է, ի վերջո, կորոնավիրուսը․ Լիլիթ Բլեյան

Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա

Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն, և այլն։ Իրականում, իհարկե, այս ամենը ես արել եմ որպես միջանկյալ օղակ՝ հիվանդների ու իմ ծանոթ բժշկուհու միջև, քանի որ վերջինս պարզապես ֆիզիկապես չէր հասցնի ողջ ընթացքին հետևել ու տալիս էր միայն հիմնական ցուցումները։ Ես դարձել եմ այդպիսի մի վիրտուալ կամավոր բուժքույր, ու ստիպված՝ սկսել եմ ուսումնասիրել «պացիենտներիս» բուժման ընթացքը, հիմնական գանգատները, հոգեբանական փուլերը, որոնց միջով նրանք անցնում են, խնդիրները, որոնց բախվում են, արդյունքում՝ որոշ բաներ եմ հասկացել քովիդի ու հայաստանցու այսօրվա հարաբերությունների մասին։

Կարելի է երկար բացատրել, թե ինչու հայաստանցիները չեն ուզում պատվաստվել։ Կարելի է՝ նաև միայն մեկ բառով՝ անվստահություն։ Դժվար է, իհարկե, վստահել իշխանությանը, որը բազմաթիվ օրեր ստել է՝ պատերազմի նման լուրջ թեմայի շուրջ։ Սակայն չէ՞ որ նույն հասարակությունը մի քանի հարյուր հազար քվե տվեց այդ նույն իշխանությանը։ Ուրեմն ինչո՞ւ այդ հարյուր հազարներն այս հարցում այդքան դժվար են վստահում իրենց ընտրյալներին։ Գուցե քովիդի դեպքում չե՞ն աշխատում ընտրությունների ժամանակ գործադրված մանիպուլյացիոն մեխանիզմները։ Գուցե պատճառներն ավելի խո՞րն են։ Փորձենք հասկանալ։

Ովքե՞ր են խոսում քովիդի մասին

Քովիդի ու պատվաստման մասին մարդկանց հետ այսօր խոսում են բոլորը՝ բախտագուշակներից մինչև ոստիկաններ։ Յութուբյան ու ֆեյսբուքյան չարագուշակ հմայախոսները բազմամիլիոն լսարան ունեն, աշխարհի բոլոր էկրանների միջից մարդկանց պատմում են, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրենց առողջությանը, եթե հանկարծ պատվաստվեն․ խոսում են պարզ, Էլլոչկա Լյուդոյեդկայի բառաքանակով, գրավում են սրտերը, ժողովրդական բանահյուսությունը նրանց «ասում են»-ը տարածում է տնետուն։

Իսկ որտեղի՞ց են լսում մարդիկ պատվաստման օգուտների մասին – պաշտոնական կաբինետներից, որոնք վաղուց հավատ չեն ներշնչում, պաշտոնական տեքստերից կամ կառավարական մուննաթի օլիմպիական բարձունքից։ Բժիշկներն անհամերաշխ են այս հարցում (շատերն անգամ կտրուկ հակավակցինիստ են), իշխանությունը չունի հանրության առաջադեմ, պոպուլյար դեմքերի աջակցությունը, ընդդիմությունը չի խոսում իր ընտրողների հետ այս թեմայով, և քովիդի դեմ ու հանուն պատվաստման պայքարը դարձել է միայն իշխանության գործը։ Դա վատ է, բայց դա այդպես է․ քովիդի դեմ պայքարը վերածվել է իշխանությունների հանդեպ վստահության լատենտ հանրաքվեի։ Իշխանությունն էլ, չունենալով որևէ լուրջ ոլորտի կառավարման որակ ու հմտություն, այդ պայքարը վերածել է անտաղանդ բյուրոկրատիայի և գոռգոռոցի։ 

Որտե՞ղ ու ինչպե՞ս են խոսում քովիդի մասին

Ես պատահական ընտրություն արեցի ու զանգեցի տարբեր խոշոր  պետական կրթական հաստատություններում աշխատող երկու ընկերոջ։ Վերջին ամիսների ընթացքում, հարցրի, ձեզ մոտ եկե՞լ են արդյոք առողջապահության մասնագետներ՝ զրուցելու կոլեկտիվի և ուսանողների հետ (հազարավոր մարդկանց մասին է խոսքը), պատմելու քովիդի վտանգների ու պատվաստման օգուտների, քովիդով հիվանդների խնամքի, անհրաժեշտ քայլերի և այլ նման հարցերի մասին։ Գուցե ներկայացրել են երկրում այսօր առկա պատվաստանյութերը, լսել են մարդկանց հարցերը, անհանգստությունները, փարատել են կասկածները։ Ընկերներիս քմծիծաղից հետո հասկացա, որ իմաստ չունի նույն հարցով անհանգստացնել մյուս խոշոր՝ պետական ու մասնավոր հիմնարկներում աշխատող ծանոթներիս։ Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, թե ինչո՛ւ են այդ նույն հիմնարկներում մարդիկ այս օրերին կուտակվում (կուտակվու՛մ․․․) հրավիրված լաբորատորիաների աշխատակիցների դռան մոտ՝ ժամերով սպասելով էժան ու ձևական թեստավորման իրենց հերթին։ Քանի՞ նորավարակ կհայտնվի այդ հերթում, կամ քանի՞սը պետական աշխատանքից դուրս գալու դիմում կգրի՝ այդ ամենից զերծ մնալու համար, վիճակագրությունը չի ճշտի, ինչպես չի ճշտում բազմաթիվ այլ՝ քովիդին առնչվող թվեր։ Ու այդպես պիտի լինի ամիսը երկու անգամ՝ ի վնաս պատվաստման և ի բարօրություն մասնավոր լաբորատորիաների։

Քովիդի դեմ պայքարը միայն պատվաստումը չէ

Ցանկացած խնդիր իրոք լուծելու առաջին պայմանը նախ այդ խնդիրն իրոք տեսնելն է։ Կոսմետիկ միջոցներով վարակը կանգնեցնել հնարավոր չէ, դա պետք է վաղուց հասկացած լինեինք։ Մարդիկ վարակվում և հիվանդանում են, ուրեմն պետք է նախ՝ էնպես անել, որ նրանք չվարակվեն, իսկ հետո՝ որ բուժվեն։ Այնտեղ, որտեղ մարդիկ հիմնականում վարակվում են՝ մարդաշատ վայրերում, մեծ կոլեկտիվներում, խիտ տրանսպորտում, ծնունդ-հարսանիքներում – այս բոլոր վայրերի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է տեղերում միջոցներ ձեռնարկվեն․ սա այնքան պարզ էր թվում։ Տեսե՞լ եք, որ առավոտից իրիկուն քարոզեն՝ բաց անել լուսամուտները, օդափոխել տարածքները, բաց պահել հնարավոր բոլոր դռները, որ մարդկանց ելումուտը հնարավորինս նոսրանա։ Քթի տակ դրված ձևական դիմակները ստուգել՝ դա՝ սիրով (դիմակներ, որոնք հաջորդ րոպեին հանվելու են), համերգասրահներում, հիմնարկներումփակել բոլոր մուտքերը՝ թողնելով միայն մեկը, որ մարդիկ ելումուտի ժամանակ կուտակվեն՝ դա էլ մեծ սիրով, բայց պարզ օդափոխության ապահովում, անգամ՝ բուժհիմնարկներում, այդպես էլ հնարավոր չեղավ կազմակերպել մեկուկես տարում։

Բուժհիմնարկներում՝քովիդ հիվանդներ ընդունող, բուժումը հաճախ բոլորովին տարբեր պրոտոկոլներով է արվում․ ուսումնասիրվու՞մ է արդյոք, կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, թե բուժման ո՛ր մեթոդներն են արդյունավետ, որտե՛ղ են մահերն ավելի շատ․ արվու՞մ են արդյոք հետևություններ, ազդու՞մ է այդ ամենը հետագա ընթացքի վրա, փոխվու՞մ է որևէ բան այդ բուժհիմնարկներում։ Ընթացիկ վիճակագրությունը ընթացիկ բուժման մեթոդների վրա ազդու՞մ է։

Կա՞ որևէ պարզ ուղեցույց՝ հասարակ մահկանացուների համար, որոնք իրենց հանկարծ վատ են զգում․ տեսե՞լ եք ամեն տեղ կախված հուշումներ՝ ի՞նչ անի մարդը և ի՞նչ չանի, ինչի՞ց խուսափի։ Շատերը բուժվում են տանը, շատերը վախենում են բուժհիմնարկներից. գուցե պետք է ընդունել այդ փաստն ու խոսել մարդկանց հետ՝ նրանց ապահովելով գոնե անհրաժեշտ մինիմալ տեղեկատվությամբ։ Իմունիտետի բարձրացման համար ի՞նչ է պետք անել, քովիդի ավելի թեթև ընթացքի համար գուցե կա՞ հատուկ վիտամինային պրոֆիլակտիկա, այդ մասին մարդկանց հետ որևէ մեկը խոսե՞լ է։ Ի վերջո, թիվ մեկ խնդիրը մարդկանց առողջությունն է, այդպե՞ս է։ Ապաքինվածների հետ աշխատանք տարվու՞մ է՝ այսպես կոչված պոստ-քովիդի մասով, դրանց թվում հաճախ լուրջ բարդություններ կան, որոնք հնարավոր էր ժամանակին կանխել։ 14 օրն անցնելուց հետո այդ մարդն այլևս մեզ չի՞ հետաքրքրում։Քովիդ հիվանդներից շատերը հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում, փուլեր են անցնում, որոնք շատ նման են իրար. այդ թեմայով մեզ մոտ զբաղվու՞մ են։ 

Հարցերի ցանկը երկար է, իսկ պատասխանները քիչ թե շատ ակտիվ հայաստանցիները փնտրում են ֆեյսբուքյան “քովիդ-խմբերում”․ սոցցանցերն էլ, փաստորեն, ունեն ահագին օգտակար կողմեր։  

Ո՞ւմ շունն է սա

Դժվար է՝ կիսված, բզկտված հասարակությանը տրամադրել ընդհանուր թշնամու դեմ պայքարի։ Մի թշնամու դեմ ամիսներ առաջ համախմբված և դաժանորեն խաբված հասարակությանը դժվար է նորից համոզել՝ լինել միասնական, գիտակցել վտանգը։ Դժվար է այսօր մարդկանց հետ խոսել հիվանդների ու թույլերի մահվան մասին․ նրանք տեսել են երիտասարդների ու առողջների հազարավոր մահեր՝ ընդամենը 44 օրում։ Մահն այսօր ծեծված, թափառական շան պես պտտվում է մեր աչքի առաջ․ նա էլ ո՛չ մեկի շունը չէ։ Մենք բթացրել ու բթացնում ենք մահվան, կորստի ցավը, որ կարողանանք շարունակել ապրել, և ուրեմն՝ բթացնում ու մերժում ենք նաև մահվան վախը։

Զարմացած ստատուսներ են ամենուր՝ ա՜խ, մարդիկ կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Այո, կորցրել ենք։ Մենք պիտի վերագտնենք մահվան վախը, իսկ դրա համար կյանքի իմաստն ու ապրելու նպատակը պիտի վերագտնենք։ Սա ձեզ շատ փիլիսոփայակա՞ն թվաց․ վստահեցնում եմ, մեր դեպքում սա քովիդի դեմ պայքարի ամենակարևոր ու գործնական ուղեցույցն է։

Ամփոփելով՝ հանրության հետ ճիշտ աշխատանքի ու վարակի դեմ հաջող պայքարի (մեկը մյուսով է պայմանավորված) մի քանի առանցքային կետ.

  1. 1. Մարդկանց համար ապահովել պատվաստանյութի ընտրության իրավունք, բացատրել տարբերությունները
  2. Ամբողջական կոլեկտիվներ հրաժարվում են պատվաստումից. աշխատել այդ լայն, կարևոր խմբերի հետ, թույլ չտալ, որ մարդիկ իրենք իրենց խաբեն ձևական, կասկածելի որակի խմբակային թեստավորմամբ, գտնել ճիշտ մոտեցումներ. սպառնալիքով վիրուս չես վերացնի
  3. Հանրային տրանսպորտի անլուծելի հարցին վերջապես լուծումներ գտնել
  4. Հասկանալ սխալ բուժման հետևանքով ծանր ընթացք ստացող դեպքերի հիմնական պատճառները, անել հետևություններ. տարբեր դիտարկումներով՝ սխալ բուժման խնդիրը մեզ մոտ կրում է զանգվածային բնույթ, և ծանր դեպքերի որոշակի տոկոս հենց դրանով կարելի է բացատրել։ Պետք է բաց կերպով խոսել այդ սխալների մասին՝ բժշկական հաղորդումներով, ֆեյսբուքյան եթերներով և այլն. բոլորը չէ, որ ունեն գրագետ բժիշկ ծանոթներ, որոնց ամեն պահի կարող են գրել կամ զանգել իրենց տանջող հարցերով։
  5. Հանրության հետ գտնել հաղորդակցության ճիշտ ձև՝ պաշտոնական տեքստերից, սպառնալիքներից և մուննաթից դուրս։ Այդ նպատակով փորձել ստանալ պոպուլյար տարբեր դեմքերի աջակցությունը՝ անկախ քաղաքական հայացքներից. քովիդի դեմ պայքարը դարձնել իրոք ընդհանուր խնդիր։
  6. Խոսել, խոսել, խոսել մարդկանց հետ. հասկանալ՝ որո՞նք են պատվաստման հետ կապված հիմնական անհանգստությունները, խոսել առանց արհամարհանքի, լուրջ ընդունել մարդկանց կասկածները, չվիրավորել, պատասխանել բոլոր հարցերին, թույլ չտալ, որ այս հարցում բարիկադները խորանան։
  7. Քովիդից ապաքինվածները ԵՄ բազմաթիվ երկրներում պատվաստման միայն մեկ դոզա են ստանում՝ լիարժեք QR կոդի տրամադրմամբ։ Հաշվի առնելով մեզ մոտ ապաքինվածների՝ արդեն բավականին մեծ թիվը՝ մարդկանց կարելի է նաև դրանով խրախուսել՝ առնվազն մեկ դոզա ստանալու, ինչը քովիդ տարածների մոտ բավականին լավ իմունախթանիչ էֆեկտ է ունենում, ըստ մասնագետների։ Անհասկանալի է, թե ինչու մեզ մոտ դա չի արվում։
  8. Գիտակցել, որ սա ամենևին միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ, սա պետական ու բազմաոլորտ քաղաքականություն է ենթադրում, և «կոտրել» միայն մեկ ոլորտի գլխին՝ կլիներ հերթական քովիդ-ինքնախաբեությունը։

 

Լիլիթ Բլեյան 

Այլընտրանքային նախագծեր խմբի համար

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ