ՌԴ-ն կարող է ժամանակավոր նահանջել և տարածք տալ Թուրքիայի ակտիվությանը. Հարավային Կովկասից ամբողջական դուրս գալու մտադրության մասին խոսելը չափազանցված է. Շիրազ Խաչատրյան

Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների սպանությունից, Ռուսաստանում ադրբեջանցիների և Բաքվում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններից հետո վերջին օրերին քննարկման օրակարգում է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը, թեպետ ՌԴ ԱԳՆ-ում այն կարծիքին են, որ «ինչ-որ ուժերի դուր չի գալիս Բաքվի և Մոսկվայի ռազմավարական հարաբերությունները»:
Ամեն դեպքում, 168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ որքանո՞վ պետք է լուրջ վերաբերվել Ադրբեջան-Ռուսաստան փոխհրաձգությանը։
– Խնդիրը բավականին բազմաշերտ է և իրականում լուրջ՝ առաջին հերթին՝ հենց Ռուսաստանի համար: Պարզ և հասկանալի է, որ երկկողմանի ձերբակալություններն ու լարվածությունը զուտ իրավական կամ քրեական բնույթի խնդիր չէ, այլ ավելի խորքային պատճառներ կան:
Ռուսաստանը լավ տեսնում է՝ Ադրբեջանն արագ տեմպերով վերածվում է Թուրքիայի և Արևմուտքի դաշնակցի, նվազեցնում է Մոսկվայից էներգետիկ, տնտեսական և ռազմական կախվածությունը, և ամենահետաքրքիրը՝ հանդիսանում է Ռուսաստանի վերաբերյալ հետախուզական ակտիվություն ցուցաբերող երկիր՝ հենց ռուսաստանյան ադրբեջանական համայնքների միջոցով: Ու հենց վերջին հանգամանքն է պատճառը նաև այդ լարվածությունների, տեղեկություններ կան նույնիսկ, որ ռուսական բանակի շարժերի վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվում:
Ռուսաստանում մշտապես լուռ հանդուրժում էին ադրբեջանցի ազդեցիկ շրջանակներին, այդ թվում՝ «սև շուկաներում», տնտեսական ոլորտներում իրականացվելիք շարժերին։ Բայց Ուկրաինայի պատերազմից հետո Բաքուն սկսեց ավելի բաց աջակցել Կիևին՝ ռազմատեխնիկական, հետախուզական, էներգետիկ ոլորտներում: Եվ Մոսկվան, կրկնում ենք, լավ հասկանում է, որ Բաքուն դարձել է վտանգավոր հետախուզական միջանցք, և հիմա փորձում է «մաքրել» իր տարածքը նմանատիպ ազդեցություններից:
Թե ինչ կլինի հետագայում, դժար է կանխատեսել, Ադրբեջանը կփորձի գնալ մինչև որոշ կետ՝ սուր դիմադրությամբ, բայց չի խզի հարաբերություններն ամբողջությամբ, քանի որ իր շահերից չի բխում ամբողջական ճգնաժամը:
Ռուսաստանն էլ իր հերթին՝ կշարունակի ճնշումները, բայց կփորձի ոչ ամբողջությամբ կորցնել Ադրբեջանի ազդեցությունը Հարավային Կովկասում, քանի որ դա իր համար կլինի վերջնական աշխարհաքաղաքական պարտություն տարածաշրջանում։ Եթե ամփոփենք թեման՝ այս կոնֆլիկտի ֆոնը բացահայտում է, որ տարածաշրջանում ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությունները մտնում են նոր՝ առավել մրցակցային փուլ, որի դեպքում հնարավոր է ցանկացած սցենար:
– Այս համատեքստում հավելենք, որ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները ՌԴ-ի՝ տարածաշրջանը Թուրքիային զիջելու շուրջ, որքանո՞վ է սա իրատեսական, ՌԴ-ն հեշտությամբ կզիջի՞ Հարավային Կովկասը, ո՞ր դեպքում:
– Վերջին 4-5 տարիների ընթացքում, իսկ առավել ակտիվ՝ 2020-ի պատերազմից հետո, մենք տեսնում ենք, որ Թուրքիան ներգրավված է տարածաշրջանի բոլոր առանցքային գործընթացներում, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով և չի կարող լիարժեք կենտրոնանալ Հարավային Կովկասի վրա: Եվ Ադրբեջանն էլ բացահայտորեն դարձել է Թուրքիայի դաշնակից՝ հետ քաշվելով ռուսական ազդեցությունից, Հայաստանի դիրքորոշումն էլ շատերի համար արդեն պարզ է:
Այս ֆոնին ՌԴ-ի ազդեցության նվազումն ակնհայտ է, իսկ Թուրքիան ակտիվորեն լցնում է այդ վակուումը։ Բայց այդ ամենով հանդերձ՝ ՌԴ ռազմավարության մեջ Հարավային Կովկասը շարունակում է մնալ՝ որպես ռազմավարական զսպման գոտի, էներգետիկ տրանսպորտային միջանցք և թուրքական ու արևմտյան ազդեցությունը հավասարակշռող տարածաշրջան։
Այսինքն, ՌԴ-ն կարող է ժամանակավոր նահանջել և տարածք տալ Թուրքիայի ակտիվությանը, բայց ամբողջական դուրս գալու կամ հրաժարվելու մտադրության մասին խոսելը, կարծում եմ, չափազանցված է:
Ռուսաստանը Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու համար բազմաթիվ հնարավորություններ ունի՝ սկսած տարածաշրջանի երկրների վրա դիվանագիտական լծակներից, այդ երկրների տնտեսական և միգրացիոն կախվածություններից, ռազմաբազաների առկայությունից, և այլն: Կարելի է ասել, որ այսօր Ռուսաստանը ներկայումս ընտրել է վերահսկվող զիջումային մարտավարությունը, երբ թույլ են տալիս Թուրքիայի տնտեսական և քաղաքական ակտիվությունը, բայց փորձում են պահպանել ռազմական և էներգետիկ ներկայությունը։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը հեշտությամբ զիջելու է Կովկասը, բայց ներկայիս վիճակում ստիպված է համակերպվել Թուրքիայի աճող դերի հետ՝ չունենալով կարճաժամկետ այլընտրանք։ Այսօր տարածաշրջանը մտել է համակցված ազդեցությունների փուլ, որտեղ լիարժեք միանձնյա տիրապետող կողմ առայժմ չկա։
– Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին «Զանգեզուրի միջանցքի» բացման ամերիկյան տարբերակի մասին: Սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում Հայաստանի համար, հաշվի առնելով նաև Իրանի կարմիր գծերը:
– Վերջին շրջանում խոսվում է, որ ԱՄՆ-ը առաջարկում է միջանցքը «բացել», բայց ոչ թե՝ որպես Ադրբեջանի համար անխոչընդոտ, այլ՝ որպես միջազգային վերահսկողությամբ տնտեսական ճանապարհ, որտեղ Հայաստանն իբր չի կորցնելու սահմանային կամ տարածքային վերահսկողությունը, բայց լինելու է երրորդ կողմի՝ ամերիկյան կամ եվրոպական ներկայություն՝ որպես անվտանգության երաշխիք:
Այսինքն՝ գաղափարն այն է, որ ճանապարհը լինի բաց, բայց ո՛չ ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ, ո՛չ էլ ամբողջությամբ ռուսական, այլ մի մոդել, որտեղ իբր հայ-իրանական սահմանը չի կտրվում, և Հայաստանը չի կորցնում լիակատար վերահսկողությունն իր տարածքի նկատմամբ։
Բայց փաստացի Հայաստանն այդ միջանցքը չի վերահսկելու, այսինքն, խուճուճ ձևակերպումների տակ կա պարզ փաստ՝ միջանցքի հարցը մնում է, թղթաբանությունն է շատացել: Այդ քննարկումների շրջանակում պարզ հռետորական հարց է առաջանում՝ եթե ամերիկացիները կամ չինացիներն են դա վերահսկում, հարց է՝ դու՝ Հայաստանի Հանրապետություն, ամբողջությամբ տնօրինո՞ւմ ես, թե՞ արդեն «միջազգային վերահսկող» կա քո տարածքում, ու քո ճանապարհն արդեն քոնը չի:
Ես չեմ պատկերացնում, թե նմանատիպ սցենարի դեպքում ինչ դիրքորոշում կհայտնեն Ռուսաստանը կամ Իրանը: Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որտեղ արտաքին ուժ է վերահսկող, և համարում է, որ դա իր համար նոր սպառնալիք է՝ Թուրքիան և Արևմուտքը միասին կփակեն իր ելքը դեպի հյուսիս։
Ռուսաստանը տեսնում է, որ արդեն ոչ թե իր վերահսկողությամբ է լինում այս ճանապարհը, այլ արևմտյան, ինչը նշանակում է՝ Կովկասում իր ազդեցությունն էլ ավելի կնվազի։ Բայց այստեղ հարցը միայն դերակատարների դիրքորոշումը չի, այստեղ հարցն այն է՝ Հայաստանն ի՞նչ պայմաններով է ճանապարհը բացում, ո՞վ է վերահսկում այդ ճանապարհը, և ի՞նչ երաշխիքներ կան, որ վաղը դա չի վերածվելու Հայաստանի տարածքում օտարերկրյա ռազմական մշտական ներկայության կամ հայկական վերահսկողության կորստի հենց այդտեղ:
Եթե ճանապարհի վրա Հայաստանի օրենքը չի գործում՝ դա արդեն միջանցք է։ Եթե Հայաստանի սահմանը դառնում է այլ պետությունների վերահսկողության տարածք, դա արդեն անընդունելի է ու լի բազմաթիվ ռիսկերով:
– Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն, ըստ էության, չի հերքել ամերիկյան առաջարկի փաստը՝ նշելով, որ միջազգային տարբեր գործընկերներ Հայաստանին ու Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ ներկայացնում են:
– ՀՀ արտաքին գործերի նախարարության այդ հայտարարությունն իրականում անորոշ, չեզոք պատասխան է, որը ոչ բացահայտում է իրական ընթացքը, ոչ էլ բացառում։ Այո, ԱԳՆ-ն չի հերքում, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ Արևմուտքը, առաջարկներ են ներկայացնում։ Այսինքն, բաց տեքստով ընդունում է, որ ամերիկյան կամ այլ տարբերակներ շրջանառվում են։
Բայց Հայաստանի իշխանությունն իր այդ անորոշությամբ ու թույլ կեցվածքով միաժամանակ զայրացնում է բոլորին՝ և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, և՛ Արևմուտքին, ավելին, Ադրբեջանի ագրեսիան էլ այս անորոշության վրա աճում է։
Որևէ տարբերակ, որտեղ Հայաստանի տարածքում որևէ օտար ուժ՝ լինի ամերիկացի, ռուս, թուրք թե ինչ-որ «միջազգային կառույց», վերահսկում է մեր սահմաններն ու ճանապարհները, նշանակում է՝ պետականության հերթական կորուստ: Իսկ այս իշխանությունները թե ինչ գեղեցիկ փաթեթավորմամբ այդ ամեն ինչը կմատուցեն և կփորձեն համոզել, որ հերթական աննախադեպ որոշման ու համաձայնագրերի առաջ են կանգնած, ուղղակի պետք է անլուրջ վերաբերել և առավել մեծ վտանգների մասին մտածել ու բարձրաձայնել:
Մարիամ Պետրոսյան
168.am