Երկրաշարժի դեպքում Երեւանը Սպիտակից ավելի վատ վիճակում կհայտնվի. Մ. Մինասյան
Երբ անցանք մոնոլիտ շինարարությանˋ երկաթ բետոնի, որն ավելի վստահելի կառույց է, մենք մոռացանք հիմնական սկզբունքներից մեկըˋ քաղաքաշինության սկզբունքը: Այս մասին այսօր, անդրադառնալով շենքերի սեյսմակայությանը, “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
“Այժմ էլիտար շենքերի սեյսմակայունությունն արված է 9 բալի հաշվարկներով, այսինքն՝ կառուցում ենք վստահելի շենքեր, բայց չենք կառուցում վստահելի քաղաք: Մենք վստահելի բնակավայր չենք կառուցում, խտությունը Երևանում և կենտրոնում շատ մեծացրեցինք: Անթույլատրելի են մեր բակերում սարքված շենքերը, կցակառույցները: Տարիներ առաջ Հայաստանում թույլատրելի էր կառուցել մինչև 4 հարկանի շենքեր, սակայն երբ կոնստրուկցիաները զարգացան, սկսեցին թույլատրել մինչև 9 հարկ: Բարձր հարկեր ունեցող շենքերը պետք է կառուցվեն մետաղական կոնստրուկցիաներով, որը մեզ մոտ, ցավոք սրտի, չի պահպանվում”,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ Հայաստանում շատ են վտանգավոր շենքերը, որոնք կանգնած են փլուզման եզրին: Դրանք ամրացնելու գումար չկա, բացի այդ` վտանգի տակ գտնվող շենքերի տակի նկուղային կառույցներն են վերանորոգում, ինչը մեծացնում է շենքի փլուզման վտանգը:
“Երևանում շենքերը բավականին խիտ են կառուցված, ինչն էլ խնդիրներ կարող է առաջացնել վտանգների ժամանակ: Երկրաշարժի ժամանակ ամենավտանգավորն այն է, երբ հարթակ չեն գտնում` մարդկանց տեղավորելու համար: Մենք հարթակները վերացրել ենք, բակերը խտացրել ու կառույցներով լցրել”,- ասաց նա:
Մ. Մինասյանը նշեց, որ եթե Աստված մի արասցե, 1988 թվականին երկրաշաժի ուժգությամբ երկրաշարժ լինի, Երևանում վնասները շատ ավելի կլինեն, 10 անգամ ավելի վատ վիճակում կհայտնվի, քան Սպիտակը, քանի որ խորհրդային շրջանում կառուցված շենքերը հաշվարկված են 7 բալի ֆոնի համար:
Բանախոսը նշեց, որ բոլոր քաղաքներում եթե մի արժեքավոր շենք է լինում, ոչ մի շենք շինարարություն չի թույլատրվում այդ տարածքում:
“Մենք դա չպահպանեցինք, որովհետև մենք նոր ժամանակներից վերցրեցինք ամենավատըˋ բարձահարակ շենք կառուցելու մոլուցքը եւ մոռացանք, որ մենք ունեինք շատ գեղեցիկ կենտրոն և այնտեղ պետք չէր աղավաղել”,- ասաց նա: