Սերժ Սարգսյանը ճիշտ է արել
՛՛Ով էլ լիներ այս պահին երկրի նախագահը, այդ որոշումն էր կայացնելու՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԵՏՄ անդամակցության մասին: ՛՛Ողջախոհ, լուրջ քաղաքական ուժը չի կարող մտածել, որ եթե ինքն ընդդիմություն է, պիտի ասի՝ թող սխալվի, որ ես հետո այդ սխալներն օգտագործեմ: Այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը, մենք ի սկզբանե էլ ասել ենք, որ ճիշտ էր: Չի նշանակում, որ եթե ընդդիմություն ես, պիտի դեմ արտահայտվես ամեն ինչին, պիտի կարողանաս ճիշտը սխալից զատել՛՛,-կարծում է նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, թե դեռ 1994 թվականին է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, և ՀԱԿ պատգամավորների հերքումներին, ապա Ռուստամյանն ասաց. ՛՛Ոչ թե մեկնաբանություններով կողմնորոշվեք, այլ տեքստերով: Այդ փաստաթղթի միայն վերնագրում չկա եվրասիական բառը, այդքան բան: Պետք չէ քաղաքական շահարկումների հարց սարքել մի հարց, որը օբյեկտիվ իրականություն է՛՛: