26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատվաստվելը չի բացառում կորոնավիրուսով վարակվելը. Առողջապահության նախարար

Ազգային ժողովում քննարկում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հոկտեմբերի1-ից մեկնարկող խստացումները նպատակ են հետապնդում կանխելու, կանխարգելելու հիվանդացությունը, նվազեցնելու հիվանդացության՝ առողջությանը հասցված վնասները, կանխելու ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդության ընթացքն ու, ամենակարևորը, խուսափելու մահերից։

Նախարարի խոսքով՝ պատվաստանյութերը միշտ կարևոր դեր են խաղացել ու փրկել են վարակներից և մանկական հասակում, և այլ հիվանդությունների առումով։

Ավանեսյանը նշեց, թե խստացումները նպատակ ունեն նաև աշխատանքի վայրում հնարավորինս բացառել վարակի տարածումը։

Նախարարը հաստատեց, որ,այո, տարբերակված վերաբերմունք կա պատվաստանյութերի նկատմամբ։

«Արտադրող երկրներն ամեն մեկն ինքն է որոշում իր քաղաքականությունը՝ ո՞ր պատվաստանյութին տալ նախապատվություն, ո՞ր պատվաստանյութերի գրանցման ի՞նչ աստիճանի վերլուծություն անի ու ո՞ր փուլում թույլ տա այդ պատվաստանյութերի ներկրումը իր երկիր։ Հայաստանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հնարավորություն ընձեռել Հայաստանում ունենալու այնքան պատվաստանյութի տեսականի, որը թույլ կտա քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում», – ասաց նա։

Նախարարը նշեց՝ եթե պահանջվի ստանալ պատվաստանյութի երրորդ չափաքանակը, ապա պետք է ստանալ այն։

Ավանեսյանն ընդգծեց՝ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում, ինչպես նաև որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել հարյուր տոկոսով որևէ բան։

«Կորոնավիրուսի դեմ ընդունվող դեղամիջոցները երաշխավորո՞ւմ են հարյուր տոկոս առողջացում, թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Ցավոք սրտի, վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկսը՝ ծայրահեղ ծանր, իսկ 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք», – նշեց նա՝ վստահեցնելով, որ այս պահին պատվաստման արդյունքում որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել։

«Այո, եղել են որոշակի գանգատներ՝ բարձր ջերմություն, որոնք հետազոտվել են, եղել են անձինք, ովքեր լրացուցիչ հետազոտության կարիք են զգացել, դա պետությունն իր հաշվին ապահովել է», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ