Այսօր դեմ քվեարկելը կվնասի ՀՀ-ի շահերին
՛՛Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վերաբերյալ ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: ՛՛Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից և ժողովրդի սոցիալական վիճակի՝ է՛լ ավելի վատացումից: Բայց սա այն հարցն է, որ մենք պետք է ուղղենք ոչ թե Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի, այլ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին: Ահա հենց այստեղ է, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ՛՛,-նկատեց նա:
Ուրիխանյանը հիշեցրեց, որ Հայաստանը 3-4 տարի բանակցում էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համար: Բանակցությունները եղել են փակ, նախապատրաստվող համաձայնագիրը եղել է հասարակությունից և քաղաքական ուժերից գաղտնի: ՛՛Այդ նույն տարիներին Հայաստանում եղել են մարդիկ, քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, ովքեր զգուշացնում էին, որ ռիսկերը և զարգացման սցենարները հաշվարկված չեն և չի կարելի այդքան խորացնել բանակցությունները՝ չունենալով վերջում դրանք ստորագրելու քաղաքական որոշում՛՛:
՛՛Իհարկե, որոշակի մտահոգություն է առաջացնում նաև 752 զգայուն ապրանքների մասով մաքսատուրքերի պահպանման մեխանիզմը, այն իմաստով, որ դրանից դուրս նույնպես ապրանքներ կան, կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ մեր կողմից պարտավորու-թյունների կատարումը մաքսատուրքերի տոկոսադրույքների ավելացման պարագայում ևս դիտարկման առարկա է և այլն՛՛,-հավելեց նա:
Եզրափակելով Ուրիխանյանը հայտարարեց. ՛՛ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետև այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնավարությունների համար, որոնք կարղ են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը՛՛: