06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը ինչպես ստորագրել ու Քարվաճառը հանձնել է, նույն ձևով էլ մեր խնդիրները պետք է լուծի. քարվաճառցի

Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի, Շուշիի, Հադրութի շրջանների բնակիչներն այսօր առավոտյան հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին լուծել իրենց կարգավիճակի ու բնակարանների հարցը։ Ըստ քարվաճառցիների, երբ կառավարությունը գրավոր համաձայնությամբ հանձնում էր Քարվաճառն ու իրենց հանում էին, պետք է բնակարաններով ապահովեին։

Կառավարության դիմումների և նամակների բաժնի ղեկավարն ընդունել էր երկու քարվաճառցու, հորդորելով, որպեսզի նրանք իրենց պահանջներն ու բողոքները գրավոր ներկայացնեն։

Կարճատև հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում Նորայր Աստվածատրյանը ասաց, որ կառավարությունում քարվաճառցիների խնդրի մասին առաջին անգամ էին լսում, իրենց մասին տեղյակ չէին։

 

«Նոր իմացան, որ կա Շահումյանի շրջանի Քարվաճառ, իրենց պատկերացմամբ՝ մենք պետք է Արցախում լինեինք։ Դիմումը գրենք, կտեսնենք՝ ինչ կանեն, 1-2 օրվա ընթացքում մենք մեր դիմումը կներկայացնենք։ Առնվազն տարօրինակ է, որ պատերազմից 11 ամիս է անցել, բայց ոչինչ չեն արել, բայց դե, մեր բնակիչները պետականամետ մարդիկ են, այսինքն՝ մենք սպասել ենք, որ մեր կառավարությունը, ինչպես ստորագրել ու Քարվաճառը հանձնել է, նույն ձևով էլ մեր խնդիրները կլուծի։ Գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, անձնագիրս բացում են, տեսնում են Արցախի գրանցում, ասում են՝ կներեք, Ձեզ աշխատանքի չենք կարող ընդունել»,- նշեց նա։

Նորայր Աստվածատրյանը պատմեց նաև, որ տնից տուն է տեղափոխվում՝ մի վարձով տանից՝ մյուսը, երեխաներն էլ արդեն 4 դպրոց են փոխել։

«Մենք հարկադրված պարապուրդում ենք, աշխատավարձի կեսը ստանում ենք։ Արցախի Սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը որոշել է, որ տեղահանված շրջանում որևէ տեղ սոցապ պետք չէ,  ու մեզ լուծարել է՝ ուղարկելով կադրերի կարճատև ռեզերվ։ Ես չորս երեխա ունեմ ու չգիտեմ՝ նրանց ինչպես եմ պահելու, 22 տարի ապրել եմ Քարվաճառում, ծառայել եմ, մասնակցել ապրիլյան ու 44-օրյա պատերազմներին։ Նոյեմբերի 13-ին ենք պոստերից իջել ու տեսել ենք՝ մեր տները թալանած է, ինչն էլ տակը մնացել է, չենք կարողացել հանել»,- նշեց Նորայր Աստվածատրյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ