Մարզպետը նշանակվեց, ռեկտորն էլ հաստատվեց
ՀՀ կառավարությունը փոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի, Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարարության համար։
Կառավարության որոշմամբ Երևանի «Մեդիսար», «Յունիքիմ» և «Թագ Հեմ», Արարատի մարզի Զորակ գյուղի «Քրաուն քեմիքըլ» ՍՊԸ-ներին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել Քեմբրիջի և Լոնդոնի Քոլեջ համալսարանների, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրայի սաներ Վարդան Վերդյանին, Գոռ Հովակիմյանին, Անդրանիկ Մնացականյանին և Արսեն Մամիկոնյանին։
Կառավարությունն իր նիստում Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել է Գեղարքունիքի մարզպետ, հաստատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գայանե Գասպարյանի ընտրության արդյունքը։
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունենալու հուլիսի 4-ին: