Վարդան Այվազյանի ռեկորդն ու կորեացու հեռուստացույցը
_1417524813.jpg)
՛՛Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Այվազյան, ռեկորդ սահմանեցիք, ամենակարևոր պայմանագիրը՝ հազար էջերից բաղկացած, ներկայացրեց երկու ու կես րոպեում, նման բան մեր այս գումարման մ ԱԺ-ում չի եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ի պայմանագրին միանալու քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա դիմում էր Տնտեսական հարցերի հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով հարակից զեկուցողն է:
Վերջինս պատասխանեց, որ ցանկացած գործընթաց սկիզբ ունի: ՛՛Երեխան միանգամից չի ծնվում: Մի քանի անգամ հանձնաժողովում է քննարկվել, լսումներ են եղել…՛՛:
Արզումանյանը կոչ արեց Այվազյանին ըդդիմախոսների մասին խոսելիս հանդես չգալ արտահայտություններով՝ օրինակ՝ ՛՛ձեր չսիրած Ռուսաստանը՛՛: Նա շեշտեց՝ ինքը հարգում է Ռուսաստանի ժողովրին ու պետականությունը, նմանապես Կորեայի ժողովրդին, բայց կարող է ասել, որ նրա ղեկավարը դիկտատոր է: ՛՛Արևմտյան երկրներն ընդամենը սանցիաների տակ են դրել Ռուսաստանին, իսկ Բելառուսն էլ փորձել է առիթից օգտվել ու այդ արևմտյան ապրանքները փաթեթավորել ու անցկացնում է, ես առարկում եմ՝ մենք էլ անենք, կբռնվենք, չենք բռվի, դա շուստրիության հարցն է՛՛,-շեշտեց Արզումանյանը:
՛՛Ես սիրելու կամ չսիրելու խնդիր չունեմ, մենք խոսում ենք մի իշխանության մասին, որ ասում եք, ժողովուրդը չի սիրում, այդ ժողովրդի կողմից ութսոն տոկոսով ընտրված ձևավորված նախագահ ու կառավարություն են, հիմա էլ ասում եք՝ չենք սիրում ձեզ, ժողովրդի ընտրությունն էլ մեզի համար ոչ մի բան: Բացահայտ ասում եմ, ես հարգում եմ, ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ, փողս ոչ էնտեղից եմ ստանում, էստեղից եմ ստանում՛՛,-արձագանքեց Այվազյանը: Բելառուսի օրինակին հետևելու հետ կապված ՀՀԿ պատգամավորը նկատեց, թե Արզումանյանը ժուլիկություն անել է առաջարկում, ինչը ճիշտ չէ:
Ալեքսանդր Արզումանյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու են Ղրղզստանին, որ ընդամենը բանակցում է ԵՏՄ-ի հետ, ՌԴ-ն ավելի շատ գումար տալու, իսկ մեզ 250 միլիոն դոլար:՛՛Կորեացի վանականն ինչո՞ւ է իր տելիվիզորը քարդիրոբի վրա դնում, տերն ինքն ա, որտեղ կուզի, կդնի: Ասում է՝ Ռուաստանն ինչո՞ւ է այդքան փող տալիս, իրենք, իրենց փոխհարաբերությունները՛՛,-պատասխանեց Այվազյանը:
՛՛Ցանկացած մարդ իր հեռուստացույցը դնում է այնտեղ, ուր ուզում է, դա հասկանալի է: Ես հարցնում եմ՝ մեկը բանակցում է, շատ լավ թիմ ունենք, մեկն էլ բանակցում է տնտեսական, ասում է հոպար, թե փող ա պետք ու ստանում է՛՛,-ասաց Արզումանյանը: Այվազյանն էլ ասաց, որ երբ այս հարցն առանձին էին քննարկում, Արզումանյանն ասել է, որ մեր թիմը շատ լավ էլ բանակցել է, ապա հարցրեց. ՛՛Ինչ-որ բան փոխվե՞լ է՛՛:
՛՛Փոխվել է այն, որ դուք միկրոֆոնով եք խոսում՛՛,-արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: