Զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան. Ա. Արզումանյան
”Հա կրկնելով, որ սա քաղաքական միություն չէ, զուտ տնտեսական է, այնուամենայնիվ, մեր կասկածները չեն փարատվում և զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան”,- այսօր Ազգային ժողովում ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հարցի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` դիմելով Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:
Նա նշեց, որ ըստ միջազգային գործակալության կողմից միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված հարցման` 52 %-ը Ռուսաստանը համարում է համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ 1 սպառնալիքը, այն դեպքում, երբ Իսլամական պետությունը սպառնալիք են համարում 26 %-ը:
Սուրեն Կարայանն ասաց, որ ներդրումների համար ամենակարևոր հանգամանքներից մեկը գործարար միջավայրը և տնտեսության բարելավումն է, նաև, թե ինչ շուկա մտնելու հնարավորություն է ստանում ներդրողը: ՛՛Չեմ կարծում, որ ՀՀ-ը ԵՏՄ-ին միանալով որոշակի սահմանափակումներ է կրում: Ընդամենը հնարավորություններ է ստանում, ավելի լայն հնարավորություններ, քան այսօր կան՛՛,- կարծում է նա: Կարայանը նշեց, որ լրացուցիչ որևէ սահմանափակում կամ պարտավորվածություն Հայաստանը չի ստանձնում: