Գործադիրն անցնում է ՛՛կոշտ՛՛, բայց եւ անհրաժեշտ մեթոդների
՛՛Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ՛՛,-հայտարարել հանրապետության վարչապետը նոյեմբերի 27-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունն է արտահայտել տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելու Կառավարության ջանքերի առնչությամբ: ՙԿարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից՚,-նշել է վարչապետ Աբրահամյանը:
Վարչապետի այս հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կառավարությունն անցնում է տնտեսվարող սուբյեկների գործունեության համար բարերար միջավար ապահովելու, այսպես ասած ՙկոշտ՚, բայց և անհրաժեշտ մեթոդների: Ակնհայտ է, որ տնտեսվարողի կողքին կանգնելու, ամեն տեսակ ստուգումների քանակը սահմանափակելու վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են արվել ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև հենց գործադիր մարմնի ղեկավարների կողմից, ավելին՝ տևական ժամանակ է տարբեր մակարդակներում քննարկվում է գործարար միջավայրի բարելավմման ուղղված տեսչական բարեփոխումների հարցը:
Հրապարակային ելույթներն ու տեսական քննարկումները շարունակվում են, այդուհանդերձ, տնտեսվարող սուբյեկտները ստուգումների պակաս չեն ունենում: Այդ մասին, հերթական անգամ գործարարները բարձրաձայնել էին դեռևս օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Նույնիսկ, Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետական բյուջեի եկող տարվա նախագիծը ներկայացնելիս, վարչապետի շեշտդրումների հիմնական առանցքը գործարար միջավայրի բարելավումն էր: Տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումը, որը պետք է ծառայի պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքերի ներգրավման երաշխիք:
ՙԵրկակի ստանդարտների բացառման և պետություն-տնտեսվարող հարաբերությունները հնարավորինս կանոնակարգելու և թափանցիկ աշխատելու ուղղությամբ ակտիվորեն շարունակելու ենք տեսչական բարեփոխումները: Իմ մոտեցումը շատ պարզ է՝ ինչքան քիչ ստուգող, այնքան լավ: Ինչքան կանոնակարգված և թափանցիկ լինեն ստուգումները՝ այնքան լավ:
Հիմնական աշխատանքներն այստեղ ուղղված են լինելու տեսչություններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ամբողջական ներդրմանը, տեսչական համակարգի օպտիմալացման ծրագրի մեկնարկին, որն ավարտին կհասցնենք 3 տարիների ընթացքում՚,-հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը:
Անշուշտ, սա բնականոն այն ընթացքն է, որ տեսչական ստուգումների համակարգը պետք տանեն բարեփոխման, որի մասին պաշտոնապես հայտարարել է վարչապետն ընդամենը մեկ ամիս առաջ: Թվում է, թե ուղերձները պարզ են, մեխանիզմները մշակվում են, ուրեմն ինչն է ստիպել վարչապետին՝ չանցած մեկ ամիս կրկին անդրարդառնալ ստուգումների թեմային, այս անգամ արդեն ՙկոշտ՚ մեթոդներով: Թերևս, սա ոչ միայն զգոնության հստակ ազդակ է հարկային և այլ ստուգող մարմիններին, այլ երաշխիք տնտեսվարող սուբյեկտներին՝ կառավարության կողմից երկակի ստանդարտների բացառման:
Լ.Մ.