Իզուր տեղը պետք չի բոբիկանալ. Գ. Արսենյան
_1417162453.jpg)
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Զաքարյանն այսօր հանձնաժողովի քննարկման ժամանակ ասաց, թե իրենք պարզապես քննարկում են հարակից զեկույցով հանդես գալու կամ չգալու հարցը ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հետ կապված, որպեսզի հետագայում իրենց չքննադատեն անգործության մեջ:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե հանձնաժողովը պետք է հարակից զեկուցմամբ հանդես գա, նշանակում է, լիարժեք քննարկում պետք է տեղի ունենա: ՛՛Եթե հանձնաժողովը քննարկում է հարցը, եզրակացության չի գալիս, ինչ իմաստ ունի՛՛,- ասաց Փաշինյանը:
Թևան Պողոսյանն էլ նկատեց, թե հարցը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է քննարկվի: Բայց պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահան Բաբայանը ընդդիմացան՝ ասելով, որ քննարկելու ժամանակ չունեն, որովհետև երկուշաբթի դրվելու է քննարկման:
՛՛Չենք հասցնի քննարկել, ի՞նչ իմաստ ունի հարակից զեկուցմամբ հանդես գալ: Իզուր տեղը պետք չի բոբիկանալ: Մենք ընդհանուր կարծիք չունենք, կստացվի, որ հանդես ենք գալիս հարակից զեկույցով, երբ երեք անդամ դեմ է: Մենք տեսակետ հայտնել այս հարցում չենք կարող՛՛,- շեշտեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց. ՛՛Ինչի՞ ենք մեզ կոտորում: Մի քանի ժամից նիստում քննարկվելու է, ինչի՞ էլ երկուշաբթի առավոտ: էդ ի՞նչ խնդիր է դրված, որ մի հոգի էլ ավել վերկենա ու ասի՝ մենք ջերմորեն ողջունում ենք անդամակցութունը: Առավել ևս, որ արտաքին քաղաքականության հետ հարցն ընդհանրապես որևէ առնչություն չունի, սա զուտ տնտեսական հարց է, ի՞նչ կապ ունի արտաքին քաղաքականության հետ: Ինչի՞ կուսակցությունների մասին օրենքը չենք քննարկում արտաքինում: Իրավունք ունենք չէ՞… Ինչքան հասկանում եմ, սա արդեն ներքաղաքական հարց է՛՛:
Թևան Պողոսյանի կողմից առաջարկ եղավ նաև հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ պայմանով, որ զեկուցողը կհայտարարի, թե արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կան ընդդիմադիր կարծիքներ:
Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության: Մեծամասնությունը, բացառությամբ Գուրգեն Արսենյանը, Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի և Վահան Բաբայանի, կողմ քվեարկեցին հարակից զեկուցմամբ հանդես գալու օգտին:
Հարցը կքննարկեն երկուշաբթի՝ քառօրյա նիստից առաջ: