Մեքենան դիտավորյալ այրել են՝ հենց ոստիկանության շենքի դիմաց

՛՛Եվս մեկ մեքենա են հրկիզել այս գիշեր նույն ժամին, որն այրվել է ամբողջությամբ: Ընդ որում, դա կատարվել է կենտրոնի ոստիկանության շենքի դիմաց՛՛- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Նախախորհրդարան՛՛-ի անդամ Վարդան Հակոբյանը։
Henaran.am-ի հետ զրույցում Հակոբյանը տեղեկացրեց, որ մեքենայի տիրոջ անունը Սամվել է, ով ևս մասնակցել է` ’’100-ամյակը առանց ռեժիմի’’ իրազեկման ավտոերթերին։
Հիշեցնենք՝ երեկ տեղեկացրել էինք, որ երեկ՝ գիշերվա ժամը 3-ի սահմաններում չարագործները հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենան: Այսօր՝ նոյեմբերի 27-ի առավոտյան պարզ դարձավ, որ այս գիշերվա ժամը 3:30-4:00-ի սահմաններում հրկիզել են Նախախորհրդարանի անդամներ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Վարդան Հակոբյանի և Սուսաննա Մելքոնյանի, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանի կնոջ ավտոմեքենաները: