24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ անակնկալներ կամ արկածախնդրություններ կարող են լինել ընտրություններին ընդառաջ ու ընթացքում․ 3 տարբերակ․ Վահե Հովհաննիսյան

Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։

Տարբերակ առաջին

Կա տպավորություն, որ Նիկոլը հունիսի 20-ից իր հույսը կորցնում է և պատրաստվում է 21-ին։ Այսինքն՝ հասկանում է, որ ընտրական մեխանիզմներով չի կարողանալու վերարտադրվել ու գնում է արկածախնդրության։ Նրա հայտարարությունները և վարքագիծը վկայում են, որ նա պատրաստվում է ներքին բախումների։ Լինեին աշխատող պետական ինստիտուտներ, նա վաղուց արդեն մեկուսացված կլիներ։ Բայց հիմա եթեներով խոսելու ժամանակը չէ։ Ունենք այն ինչ ունենք. այս մարդը պատրաստվում է նոր մարտի 1-ի։

Բայց նա լավ չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Չի բացառվում, որ նա թույլ է տալիս իր կյանքի ամենամեծ սխալը։ Սրելով մթնոլորտը՝ նա սրում է տրամադրություններն իր դեմ։

Նոյեմբերի 9-ից հետո ես այն սակավաթիվ մարդկանցից էի, որ պնդում էին, որ նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ, ու նա պետք է անցնցում հեռանա։ Ճիշտը դա է։ Բայց վերջին 2-3 օրվա նրա վարքագիծն էապես թուլացնում է այս թեզի հնարավորությունը։ Եթե նրա կողքին, նրա շրջապատում, նեղ թիմում դեռևս կան բանական մարդիկ, ապա ասեք նրան, որ կտրուկ փոխի իր խոսքի բովանդակությունը։ Բռնեք նրա ձեռքը։

Նիկոլը ուղեղն անջատել ու խաբվում է իր ֆեյսբուքյան ու վարչական համակիրների լայքերին։ Չի բացառվում, որ հույսը դրել է նաև զանազան բանդաների ու օլիգարխիկ թիկնազորերի վրա։ Ավելի վատ։ Կա՞ արդյոք նրա շրջապատում մեկը, գոնե մեկն ու մեկը, որ կհասկանա այս ճանապարհի ողբերգականությունը։Եթե կա, ապա զսպեք նրան կամ ուղղակի դուք հեռու մնացեք նրանից։
Մթնոլորտը Հայաստանում չափազանց լարված է։ Ուրիշ կերպ չէր կարող լինել. մենք պարտվել ենք պատերազմը, մեր հայրենիքը մասնատված է, մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ։ Ադրբեջանական զորքը մտել է Հայաստան։

Այս պայմաններում մթնոլորտը չէր կարող գերլարված չլիներ։ Հենց դրա համար էինք նոյեմբերի 9-ին ասում, որ խորհրդարանական մեծամասնությունը պետք է անհապաղ ընտրի նոր վարչապետ, ձևավորի նոր կառավարություն, ու սկսվի ներքին երկխոսություն։ Բայց ընտրվեց ուսապարկի ճանապարհը։ Հիմա հասել ենք այս հանգրվանին։

Ընտրությունների շեմին կամ հենց այդ օրը, հենց Նիկոլը հասկանա, որ վերարտադրվելու շանս չունի, կարող է գնալ ներքին բախումներ հրահրելու ճանապարհով. սա շատ հավանական տարբերակ է՝ հաշվի առնելով նրա տեսակը և նման բաների մեծ փորձը։ Սա, իհարկե, նշանակում է, որ նման բան անելու պարագայում նա զրկվում է անձեռնմխելիության՝ չգրված կամ առկա պայմանավորվածություններից։ Բայց դա հարցի միայն մի կողմն է։ Կարծում եմ, որ հիմնական քաղաքական ուժերը նախապես պետք է պայմանավորվածություններ ամրագրեն, այդ թվում՝ հրապարակային, թե ինչպես գործել, ինչպես արձագանքել, և ինչպես չտրվել սադրանքներին։ Պետք է պարզ ցույց տալ նրան, որ իր արկածախնդրությունը բախվելու է հանրային, քաղաքական ուժերի համախմբված արձագանքին։ Նիկոլին պետք է վերջապես մի անգամ արգելել՝ «ժողովրդի» անունից նույն ժողովրդին հերթական անգամ արյան տանել։

Տարբերակ երկրորդ

Հասկանալով, որ կորցնում է իշխանությունը, կարող է որոշում կայացնել՝ կեղծել ընտրությունների արդյունքները։ Սա բերելու է ներքին լարվածության կտրուկ աճի, և ուղղակի հնարավոր չէ կանխատեսել հետևանքները։ Ընտրություն կեղծելն այսօր տեխնիկապես դժվար է. կամ դա պետք է արվի որոշ ուժերի հետ նախապես համաձայնեցված, կամ՝ հուսահատորեն բացահայտ։ Դրանից իրականությունը քիչ է փոխվում։ Իշխանության մնալու նրա շանսերը լինելու են չնչին, իր թիմը հայտնվելու է անելանելի վիճակում։

Տարբերակ երրորդ

Հանկարծ վերջին օրերին հասկանալով, որ պարտվում է, կարող է որոշել ռազմական դրություն մտցնել ու հետաձգել ընտրությունները։ Դա կարող է անել իր հավատարիմ ընկերոջ՝ Ալիևի հետ ստվերային համաձայնությամբ՝ սրել վիճակը, մտցնել ռազմական դրություն (դրա դիմաց խոստանալ նոր թղթերի ստորագրում), ու ընտրությունները հետաձգել։

Իհարկե, սա կլինի սեփական պարտության ժամանակավոր հետաձգում՝ շաբաթներ, գուցե` մի քանի ամիս, բայց, միևնույն է, սա կլինի խիստ սահմանափակ ժամանակով ու անխուսափելի վերջաբանով։ Ամբողջ խնդիրն այն է, որ, ի տարբերություն մինչ նոյեմբեր 9-ի վիճակի, այսօր առկա է լավ ձևավորված ընդդիմադիր համակարգ։ Դա մի հսկայական աշխատող մեխանիզմ է, որը թույլ չի տա Փաշինյանին` միանձնյա ու անհետևանք որոշումներ կայացնել։ Եվ կան մի քանի հարյուր հազար մոտիվացված ու վճռական քաղաքացիներ, որոնք ամբողջապես գիտակցում են իրավիճակի ողջ ռիսկերը և պատրաստ են փրկել երկիրը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ