Երանիների մասին
Երանիների մասին
Գալիլյայում՝ լեռան վրա, Հիսուս քարոզ խոսեց, որը հայտնի է Լեռան քարոզ անվամբ: Հիսուս այդ քարոզը սկսեց ինը երանիներով.
1 . Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է հոգևոր աղքատությունը համարվել բարոյական առաքինություն: «Հոգով աղքատ» բառակապակցությունը պետք չէ բառացի հասկանալ: Աղքատը ոչ միայն նյութի, ինչքի կարիք ունեցողն է, այլ նաև նա, ով զգում է, որ Աստծո կարիքն ունի և կարոտում է Նրան: Հոգով աղքատ է այն մարդը, ով կարիքն ունի Աստծո սիրո և ողորմածության, Նրա ներկայության բացակայությունն ու պակասն զգում է ամեն ժամ ու վայրկյան: Ում հոգին տենչում է Երկնավորին ու երկնայինին…
2. Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
Տառապանքը մեր աշխարհի իրողությունն է, և դեռ ավելին՝ մարդկային կյանքի կատարելության բաղկացուցիչ մասը: Եվ ի վերջո կյանքն առանց տառապանքի չի լինում, և պետք է խոստովանել, որ շատ հաճախ հենց կյանքի տարբեր իրավիճակներում մարդու կրած տառապանքն է հանդիսանում Աստծուն որոնելու, Նրան ճանաչելու և մոտենալու ճանապարհը, քանզի Հիսուս նույն ինքը՝ Աստծո Միածին Որդին տառապեց բոլորից առավել՝ այսկերպ ապացուցելով, որ անկախ տառապանքի պատճառած ցավից, այդուհանդերձ այն ունի խորը հոգևոր խորհուրդ յուրաքանչյուրիս կյանքում:
3. Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Եթե մարդ և մարդ փոխհարաբերություններում հեզության ճշմարիտ գաղափարը թյուրիմացաբար զուգորդվում է ստրկամտության կամ ձայնազրկության հետ, ապա մարդ և Աստված փոխհարաբերության մեջ հեզության գաղափարի հիմքում հոգևոր իմաստությունն է, որի շնորհիվ մենք հաղթահարում ենք բանսարկուի և նյութական աշխարհի բոլոր գայթակղություններն ու մոլորությունները, և այսկերպ մոտենում Աստծուն: Հետևաբար, Աստված չի կարող չգնահատել այս բացառիկ և աստվածային շնորհով օժտված մարդկանց, և նրանք պետք է ժառանգեն երկիրը:
4. Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
Այս պատվիրանի մեջ Հիսուս իրար է կապում երանության և արդարության հասկացությունները, և արդարությունը այստեղ հանդես է գալիս իբրև մարդկային երջանկության նախապայման:
5. Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
Այստեղ Հիսուս ողորմածությունը ներկայացնում է իբրև երջանկության նախապայման: Ողորմածությունը կամ գթասրտությունը նախ դիմացինի վշտին արձաքանքելու և նրա ցավը տեսնելու մարդու կարողությունն է:
Այս ամենը վկայում է նաև Ավետարանը, որտեղ մենք գտնում ենք մարդկային բարի գործերի մի ամբողջ շարք, առանց որի անհնար է ժառանգել երկնքի արքայությունը և արդարանալ Աստծո դատաստանի առջև, քանզի բոլոր նրանք, ովքեր ողորմածություն և գթասրտություն չեն ցուցաբերել իրենց մերձավորներին, ապա չեն ստանա այն Աստծո կողմից:
6. Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Այստեղ խոսքն աստվածճանաչողության մասին է, որի ամենակարևոր նախապայմանը մարդկային ազնիվ և մաքուր սիրտն է: Աստված մարդուն տվեց Իրեն ճանաչելու շնորհը̀ օժտելով բանականությամբ և ազատ կամքով, որպեսզի մարդը ճշմարիտ ու իմաստուն կերպով օգտագործելով այդ ամենը մշտապես իր սրտում վառ պահի աստվածայինն ու գեղեցիկը և այսկերպ բացահայտի Աստծուն:
7. Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
Խաղաղությունն Աստծո էության հատկանիշներից մեկն է, հետևաբար՝ այն պահպանող մարդիկ իրենց առաքինությամբ հոգևոր և հստակ քայլերով մոտենում և նմանվում են Աստծուն, ու պետք է կոչվեն Նրա որդիները:
8. Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը:
Այսպիսով արդարությունը մշտապես եղել է ամենից աստվածային, սակայն միևնույն ժամանակ ամենից հալածված առաքինությունը: Աշխարհում այդ առաքինությունը կրող մարդիկ ենթարկվում են բազում հալածանքների և ծաղրանքի, քանզի արդարությունը մոտեցնում է Աստծուն, իսկ արտաքին աշխարհում գրեթե մշտապես գործում են չար և անարդար օրենքները:
Եվ նման աշխարհում արդար լինելու համար նախևառաջ անհրաժեշտ է չափազանց մեծ քաջություն և անսահման ուժ, որպեսզի կարողանաս դիմակայել քեզ հասցված բոլոր հարվածներին:
Այսինքն լինել արդար, նշանակում է՝ անցնել երկարատև և դժվարին ճանապարհ՝ լի բազում փորձություններով և տառապանքներով: Սակայն հենց այս ճանապարհն է, որ մոտեցնում և նմանեցնում է մեզ Աստծուն:
9. Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձքը շատ է…
Հալածանքն ու տառապանքն, անշուշտ, դաժան երևույթներ են, սակայն երբ մարդն այդ ամենին ենթարկվում է հանուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Իր ճշմարիտ քրիստոնեական գաղափարների, այնժամ այն դառնում է աստվածային օրհնություն, որը վերաբերում է ոչ թե նյութական աշխարհում ֆիզիկական բարեկեցության հաստատմանն, այլ հավիտենական կյանքին արժանանալու հոգևոր բերկրանքին:
Երանիների պատվիրաններն իրապես ունեն բացառիկ նշանակություն յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, քանզի դրանց պահպանումը մի յուրօրինակ հոգևոր երջանկություն է, որն, անշուշտ, անհաղորդ է նյութական և ֆիզիկական աշխարհում ընդունված «երջանկության» գաղափարին, սակայն առավել քան հստակ արտահայտում է մարդկային ամենախորը իմաստությունը, Աստծո հանդեպ մեր անսահման սերն ու Նրան նմանվելու մեր մեծագույն ձգտումը:
Արմեն Չաքմիշյան