12 երեխաներ ունեցող ազատամարտիկի ընտանիքին ՊՆ-ը պարբերաբար խոշոր գումարներ է հատկացրել. պարզաբանում
Օրեր առաջ, Henaran.am-ի խմբագրությանը ահազանգով դիմել էր ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Մանուկյանը:
Կնոջ փոխանցմամբ՝ազատամարտիկի 12 երեխաներից 6-ը հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով՝ դպրոց չեն հաճախում: Մանուկյանը նշեց, որ պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի, ընդհում մինչև նստացույց և հացադուլ:
Ընտանիքին չի բավարարում պետության կողմից տրվող նպաստի չափը, քանի որ Գագիկ Հովհաննիսյանը վիրավորվել և հաշմանդամություն է ձեռք բերել և դժվարությամբ է աշխատում:
Մեր հրապարակման հաջորդ օրը՝ Մանուկյանը 7 երեխաների հետ միասին ակցիա իրականացրեց ՀՀ Գործադիր մարմնի շենքի մոտ:
Կառավարության ներկայացուցիչը նրանց ուղղորդեց նամակ փոխանցել ՀՀ վարչապետին և խոստացավ արագ լուծում տալ խնդրին:
Մեզ հետ զրույցում ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը պարբերաբար աջակցություն է ցուցաբերել այս ընտանիքին: Նախարարի կողմից հարգվել է ազատամարտիկի ներդրումը և ամեն տարի՝ տարբեր չափերով օգնություն է տրվել, մասնավորեցնելով խոսքը Հովհաննիսյանը փաստեր մեջբերեց.՛՛ 2007 թվականին՝ բնակարան ձեռք բերելու նպատակով հատկացվել է 25 միլիոն 364 հազար դրամ, որը նախատեսված էր 4 սենյականոց բնակարան գնելու համար, դա եղել է կառավարության որոշման համաձայն: 2011 թվականինեղել է 700 հազար դրամ էլի ՊՆ-ի կողմից, ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից՝ երկու բնակարաններ են հատկացվել՝ երկու և մեկ սենյականոցներ: 2012 թվականին էլի ՊՆ-ի կողմից հատկացվել է 1 միլիոն դրամ, մեկ անգամ էլ փոքր՝ 157հազար դրամ: 2013 թվականին կրկին ՊՆ-ի կողմից հատկացվել է 500 հազար դրամ: 2014 թվականի հունվարին հատկացվել է 300 հազար դրամ և շինանյութ բնակարանը վերանորոգելու համար՛՛,-ասաց Հովհաննիսյանը հավելելով, որ օգնությունները այդ ընտանիքին պարբերաբար բնույթ են կրում: