Նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավել մնա աթոռին․ «Փաստ»
Արձանագրենք մի քանի խիստ կարևոր իրողություններ: Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 5 ամիս, բայց իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե հայկական կողմը որքան զոհ, վիրավոր, անհետ կորած ու գերի ունի: Նիկոլ Փաշինյանը, ըստ պահի անհրաժեշտության, տարբեր թվեր է հայտարարում, հետո ինքն իրեն հերքում, ինքն իրեն հակասում, պետական պատկան մարմինները սրբագրում են Փաշինյանի հնչեցրած թվերը, հետո ինչ-որ մի ժամանակ հետո նորից այլ թվեր հրապարակում: Ըստ էության, խնդիրն այն չէ, որ Նիկոլը ստույգ չգիտի այդ թվերը, պարզապես նա խուսափում է դրանք հանրայնացնել, քանի որ դա լրացուցիչ հանրային դժգոհության ալիք կբարձրացնի՝ իշխանության նկատմամբ հավելյալ հայհոյանքների չափաքանակով:
Իսկ Նիկոլի համար իր վարկանիշից առավել արժեքավոր բան այս աշխարհում չկա, այն էլ՝ նախընտրական այս ժամանակահատվածում: Մարդը պատրաստ է հանուն մի քանի լայքի ու գերազանցապես ֆեյքային գովեստների դրսևորել այսպիսի ամոթալի վարքագիծ, մի ողջ հասարակության պահել լարվածության և անորոշության մեջ: Հաջորդը՝ երկու օր առաջ Նիկոլն իր խոսնակի միջոցով, իսկ դա նույնն է, ինչ ինքը հայտարարեր, լուր տվեց, թե գերիներ են վերադառնում: Բնականաբար, գերիների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները շտապեցին օդանավակայան, բայց րոպեներ անց պարզվեց, որ ոչ մի գերի էլ չկա ինքնաթիռում, այն դատարկ է վայրէջք կատարել: Նախ՝ մարդկայնորեն չես կարող նկարագրել այն ծնողների հոգեկան ապրումները, ովքեր շտապել էին օդանավակայան՝ հույսով, որ հենց իրենց որդին է վերադարձել: Կրկնակի անհնար է նկարագրել, թե այդ մարդիկ ինչ էին զգում, երբ պարզվեց, որ որևէ մեկը չի վերադարձել գերությունից:
Եվ այս անմարդկային ու անբարոյական իրադարձության հեղինակը Հայաստանի վարչապետի աթոռը զավթած, հույսի, լույսի ու ճակատագրերի վաճառական Նիկոլ Փաշինյանն է: Պարզապես անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է իշխանությունը տեղյակ չլինել, որ ինքնաթիռը դատարկ է, ուղղակի անհնար է: Չի լինում այդպես, հետևաբար ի՞նչն էր մոտիվը նման ամոթալի ներկայացում, շոու բեմադրելու համար, երբ հիմքում այդքան զգայուն խնդիր է: Դեռ անհայտ է, բայց վստահ եղեք՝ Նիկոլը շատ արագ մեղավորներ կգտնի: Այդուհանդերձ, մի բան արդեն վաղուց պարզ է՝ այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հատել են բոլոր կարմիր գծերը, գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները:
Սուտ խոսելու, մանիպուլացնելու, մարդկանց ուղեղը լվալու և, վերջապես, իրենց իշխանությունը գոնե մեկ օրով ևս երկարացնելու անզուսպ ցանկությունն այնքան մեծ է այս մարդկանց մոտ, որ պատրաստ են մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա: Հաջորդը՝ օդանավակայանի մոտ հավաքվածները, տեսնելով, որ Նիկոլն իրենց խաբել է, գնացել և միացել են զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր այդ նույն ժամանակ շրջափակել էին պաշտպանության նախարարության մուտքերը: Հարգելի հարենակիցնե՛ր, ինչո՞ւ եք գնում ՊՆ, մի մարմին, որն արդեն կազմաքանդված է Նիկոլի կողմից, ի՞նչ կարող է անել Պաշտպանության նախարարությունը, որ չի անում:
Գերիներին, անհետ կորածներին և զոհված զինծառայողների աճյունները վերադարձնելու առաջնային մանդատը երկրի բարձրագույն իշխանության գործառույթն է՝ ձեզ, մեզ հայտնի մի մարդու գլխավորությամբ, որը զավթել է Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության շենքը և այնտեղ պատսպարվում է մի քանի հազար ոստիկաններով: Նա պետք է այդ հարցերը լուծի, ավելի ճիշտ՝ արդեն լուծած լիներ: Հաջորդը՝ Ադրբեջանի արտգործնախարարը դատարկ ինքնաթիռի վայրէջքից շատ չանցած հայտարարեց, որ իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, և որ գերեվարված հայերն ընդամենը ահաբեկիչներ են, որոնք գերի են ընկել նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, երբ, ըստ էության, ռազմական գործողությունները դադարեցված էին:
Թուրքերի հետ քիրվայություն և առևտուր անել երազող Նիկոլ Փաշինյանը և իր սազանդարները չեն մեկնաբանում այս անհեթեթությունը, քանզի չեն կարող, քանզի Հայաստանը նրանց ձեռամբ դարձել է մի «իզգոյ» երկիր, որին ազերաթուրքական տանդեմը զրկել է սուվերենությունից ու ինքնիշխանությունից: Ամփոփենք՝ հայ ազգի արժանապատվությունը երբեք այսպես ոչ ոք չի տրորել ու նսեմացրել, ինչպես Նիկոլն ու իր քաղաքական ու բարոյական անմեղսունակությամբ տառապող «ուսապարկերի» թիմը: Եվ այս մարդիկ ցանկանում են ընտրություններ կազմակերպել, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում: Արձանագրումը մեկն է՝ եթե հաղթում է Նիկոլը, ապա պարտվում է հայն ու Հայաստանը, խփվում է մեր պետականության վախճանի վերջին մեխը: Հակառակը պնդողները այդ քաղաքականության փայատերերն ու իրականացնողներն են:
Հ.Գ.- Ի լրումն ամենի, երեկ ուշագրավ հայտարարություն է արել Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Երբ լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչո՞ ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք նախօրեին հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, Մուրադովը պարզապես ասել է. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը: Գերիների վերադարձ պլանավորված չի եղել»: Իշխանություններին մնում էր ասել, որ… գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս են ունեցել: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են»,-գրում է թերթը: