Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել։ Թիմում մեղադրում են նրան․ Yerevan.Today
Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ երեկ ուշ գիշերին հրաժարական է տվել Բարձր տեխնոլոիգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Սա, ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ գրավոր դիմումն է՝ մեկ ամսում, որ դրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին: Նախորդ դեպքում Նիկոլ Փաշինյանին և Սուրեն պապիկյանին հաջողվել է համոզել ԲՏԱ նախարարին՝ հետ կանգնել որոշումից, սակայն երեկ գիշերը՝ ժամը 23։00-ին, ըստ մեր աղբյուրի, հրաժարականը ստորագրվել է վարչապետի կողմից:
Ի դեպ, հիասթափեցնելով մեր հայրենակիցներին՝ հայտնենք, որ Հակոբ Արշակյանի հրաժարականի պատճառը ամենևին էլ Աբու Դաբիում հունվարին կայացած DEX -2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին զինանմուշների փոխարեն բուկլետներով մասնակցության խայտառակ պատմությունը չէ և ոչ էլ լրագրող Փայլակ Ֆահրադյանին ռեստորանում ապտակելու աղմկահարույց միջադեպը։ Իրականում խոսվում է քաղաքական դրդապատճառների մասին: Արշակյանը հիասթափված է, իսկ սա թիմի ներսում քաղաքական պատասխանատվությունից փախուստ են որակում:
Ստացվում է՝ ընտրությւոնների շեմին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը լքում է ոչ միայն իրեն ամենից հարազատ կուսակցականը, այլև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամը, իսկ սա նշանակում է՝ իշխանական բուրգն ու կուսակցությունը բացահայտ կերպով ճաքեր է տալիս: Նշենք, որ Հակոբ Արշակյանը Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցն է՝ Լիլիթ Մակունցից հետո և Արսեն Թորոսյանից առաջ։
Մեր ստացած ինֆորմացիան Կառավարությունն այսպես է պարզաբանում․ «Այս պահին նման ինֆորմացիա չկա, կադրերի բաժնում հակոբ Արշակյանից դիմում չի ստացվել»։
Փորձեցինք կապ հաստատել նաև Հակոբ Արշակյանի հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։
Սյուզի Բադոյան