“Աջակցելու եմ ուսանողներիս՝ պայմանով, որ հայրենիքում ստեղծագործեն”․ Ռոման Բալայան
Օրեր առաջ կրկին Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանը, ով 1,5 տարի շարունակ այստեղ ղեկավարում էր «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» (դպրոցը)։ Այս անգամ այցի նպատակը ուսանողների ավարտական աշխատանքների՝ ֆիլմերի, դիտումն էր եւ հավաստագրերի հանձնման արարողությունը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։
Հիշեցնենք, որ Բալայանի ղեկավարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» հենց ռեժիսորի մտահղացումն էր, որն իրականություն դարձավ «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի եւ ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր, լուսահոգի Արմեն Մազմանյանի միջոցով՝ աջակցությամբ ՀՀ Մշակույթի նախարարության։
Այսօր արդեն ռեժիսորը ամփոփում է երկարատեւ աշխատանքի արդյունքները․«Ինձ համար շատ կարեւոր էր այս նախագիծը կյանքի կոչելը։ Այսօր արդեն կարող եմ ասել, որ, եթե չլինեին մի քանի նվիրյալ մարդիկ, նախագիծն իրականացնելը մեծ դժվարություն կներկայացներ։ Այդ գործում հատկապես մեծ է «Պարադիզ» (Մոսկվա) ընկերության ղեկավար Գեւորգ Ներսիսյանի աջակցությունը։ Իմանալով գաղափարի մասին՝ նա անմիջապես որոշեց իր ներդրումն անել՝ տրամադրելով 100,000 ԱՄՆ դոլար։ Այնուհետեւ ես ծրագրի մասին տեղեկացրի նաեւ Հայաստանում, որից հետո ինձ հրավիրեցին այստեղ։ Նախագծի մնացած ֆինանսական մասը տրամադրեց ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է նաեւ Մարտուն Ադոյանը, Արմեն Մազմանյանը եւ մի քանի այլ անհատներ»։
Այն հարցին, թե արդյոք ռեժիսորը գոհ է ստացված արդյունքներից, Բալայանը նշում է․ «Կարող եմ հաստատ ասել, որ 10-ից 4-5-ը կարող են եւ զբաղվելու են ֆիլմարտադրությամբ։ Ես շարունակելու եմ աջակցել նրանց մի պայմանով, որ մնան եւ ստեղծագործեն հայրենիքում»։
Հավելենք, որ նախագծի 10 ուսանողներն ընտրվել էին 2012թ․-ի սեպտեմբերին՝ նախապես հայտարարված մրցութային ընդունելության քննության հիման վրա։ Ընդունող հանձնաժողովի կազմում էին Ռոման Բալայանը եւ Արմեն Մազմանյանը, ինչպես նաեւ Իրակլի Կվիրիկաձեն, Սերգեյ Սոլովյովը, Անդրեյ Սմիրնովը։
Նախագծի շրջանակներում Հայաստան են ժամանել եւ վարպետության դասեր անցկացրել այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսսին, Պավել Ֆիննը, Ա․ Սմիրնովը, Ս․ Սոլովյովը, Ի․ Կվիրիկաձեն։
Արդյո՞ք շարունակական կլինեն այս կուրսերը, թե՞ ոչ, Բալայանը դժվարանում է պատասխանել՝ նշելով, որ ամեն ինչ կախված է ներդրումներից եւ ցանկությունից, չնայած որ նման ձեւաչափով սցենարական կուրսեր ստեղծելը եւս անհրաժեշտ է համարում։
Հ․Գ․ Հավաստագիրը տրվել է առ այն, որ ուսանողներն ավարտել են «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցը»՝ ստանալով կինոռեժիսորի որակավորում։ Վերջինս տրվել է Ռոման Բալայանի, «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտուն Ադոյանի եւ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից։