Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գարեգին Բ-ին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ, մասնավորապես նշելով.
Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:
Մենք բարձր ենք գնահատում Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Ձեր ավանդը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում:
Ձեր գործունեությունն այս 15 տարիների ընթացքում նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը և քրիստոնեական ընկալումների ամրապնդմանը մեր ժողովրդի առօրյա կյանքում: Դուք դա կատարել և շարունակում եք կատարել անմնացորդ նվիրումով և Ձեզ բնորոշ հատուկ նախանձախնդրությամբ:
Կրկին շնորհավորելով Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, արևշատություն և Ձեր բոլոր նվիրական իղձերի իրականացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի շահ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: