Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված չորս ծրագիր ունի
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված աշխատանքների շրջանակում չորս ծրագիր ունի:
Առաջին ծրագիրը, ըստ նրա, Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումն է հայերեն և անգլերեն լեզուներով:
Երկրորդ ծրագիրը հայերի նյութական, մշակութային կորուստների ժողովածուների շարքն է:
՛՛Ամեն ինչ հարյուրամյակով չի ավարտվում, այլ սկսվում է: Սա երկար պայքար է՛՛,- ասել է նա:
Երրորդ ծրագիրն այն է, որ նախապատրաստվում է մի շտեմարան, որում կլինեն այն մարդկանց անունները, որոնք 1915 թվականին դարձել են Եղեռնի զոհ:
Չորրորդ ծրագիրն այն է, որ փորձելու են աշխարհին ներկայացնել հարյուր մարդ, ովքեր փրկվելով Ցեղասպանությունից՝ տարբեր երկրներում հասել են մեծ հաջողությունների:
՛՛Մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչ միայն Ցեղասպանություն ենք կրել, այլ նաև կարողացել ենք հառնել: Անհրաժեշտ է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլ նաև հետևանքների վերացումը: Թուրքիան էլ իր հերթին է աշխատանքներ է տանում՝ Ցեղասպանության ճանաչման դեմ՛՛,- ասել է Ա. Վիրաբյանը: