Եռյակը կարող է վեցյակ դառնա, կամ մնան երկուսը. Թևան Պողոսյան
՛՛Եթե Հայաստանի իշխանությունները չընդունեն ՀՅԴ-ի մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ապա Դաշնակցությունը նորից կմիանա խորհրդարանական ոչ իշխանական եռյակին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ ՛՛Ժառանգությանը՛՛՛՛,- այսօր , լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Պողոսյանը չբացառեց, որ եռյակին ինչպես կարող են միանալ այլ կուսակցություններ, այնպես էլ կարող են հեռանալ.՛՛Մենք բազմիցս ասել ենք, որ եռյակը կարող է վեցյակ դառնալ կամ մնան երկուսը, ոչինչ չի բացառվում: Քաղաքական ուժերի համագործակցությունն այսօր տեղի է ունենում սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ, օրինակ` հենց ՛՛Օրինաց երկիր՛՛-ն էլ է որոշ հարցերի շուրջ մեզ հետ համակարծիք է՛՛,-նկատեց պատգամավորը:
Պողոսյանը նշեց, որ անձամբ ինքը դաշնակցության հետ որեւէ խնդիր չունի.՛՛ ՀՅԴ-ն դուրս եկավ քառյակից Սահմանադրական բարեփոխումների շուրջ տարակարծիք լինելու պատճառով: Բայց եթե իշխանությունները Դաշնակցության մոտեցումները չընդունեն, ապա նրանք նորից կմիանան մեզ՛՛:
Հարցին, թե հոկտեմբերի 24-ին եռյակն ինչ է անելու Ազատության հրապարակում, Թեւան Պողոսյանը պատասխանեց , որ իմանալու համար պետք է այդ օրը լինել հրապարակում: