Պատառ-պատառ մի եղեք. Մարգարիտ Եսայան
Աշունը զարմանալի հատկություն ունի՝ ոչ միայն բնությունն է ներկում, այլեւ՝ մարդկանց գունափոխում, գուցե այդ պատճառով՝ ոմանց այս դահլիճում թվում է, իրենք գույն ունեն ու կան, ցավոք կամ բարեբախտաբար, նրանք թվացյալ են, ներկված եւ կոկված, եւ երբ կգա անձրեւը, նրանք կկանգնեն մերկ ու անգույն, ձանձրալի եւ անհետաքրքիր, անձայն եւ անհեթեթ եւ, երիցս ճիշտ էր Ամենայն հայոց բանաստեղծը, որ ասում էր.՛՛Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են եւ՛ ժողովրդի անունից, եւ՛ գրականության, եւ՛ պատմության, եւ՛ գիտության – միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետեւից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, եւ հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան եւ չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու՛՛:
Այո, պետք է խոսեն նրանք, ովքեր խոսելուց զատ նաեւ գործ են անում: Քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ես, թեպետ համապատախան հանձնաժողովի փոխնախագահն եմ, ելույթ չունեցա եւ դա իմ սկզբունքային որոշումն էր: Հետեւեցի ելույթներին եւ չզարմացա՝ հայոց այսօրվա քաղաքական դաշտի մի հատվածի համար սկսվել են աստեղային, իրականում ցայտնոտային, ինքնատիրապետումից զուրկ օրեր, մարդիկ ոտքի տակի հողը չեն զգում, չեն ընկալում պահը, վիճակը, կորցրել են ինքնուրույն մտածելու ունակությունը, բայց ունեն անվերջ խոսելու ցանկություն, եւ որովհետեւ ռեալ խոսելիք չկա, ստիպված են դիմել ժանրային հնարքների:
Չի փրկի՝ տակը նյութ չկա, ասածները մտացածին են, հորինված, կրկնվող եւ պատվիրված՝ եղել է հրահանգ, ստիպված են իմիտացիա ստեղծել, թե տեսեք-տեսեք՝ մենք էլ գործի մեջ ենք, մենք էլ գին ունենք: Նրանց պատասխանելն անօգուտ է, քանի որ ՛՛Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում, մարդկանց դեմ խոսելիս՝ պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությունը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում։ Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտել— հեղափոխությունն ու ապստամբությունը՛՛։
Փաստորեն հարյուր տարի անցել է, բայց հայ մտքի տիրույթում նույն անմակարդակ մակարդակն է, կամ պատվեր են կատարում, կամ ընկնում են մանկամտության գիրկը: Ու ես հիմա սա ասում եմ խորին ցավով, որովհետեւ ճշմարտությունը գոռոցը կամ ճղճղոցը չէ,պատառ-պատառ մի եղեք, բոլորն ամեն ինչ գիտեն, դատավճիռը երբեմն դատաստան է դառնում դատավճիռ կարդացողի համար՝ երբ փոխվում են տերերը: