Դավիթ Հարությունյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը բաց նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, որում հանգամալից բացատրել էր, որ վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումներն ապօրինի են իրականացվում:
Ըստ նրա՝ վարչական ձերբակալման նպատակները նախատեսված են ՎԻՎՕ-ի 259-րդ հոդվածով, ըստ որի՝ «ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ, և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումն ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում»:
Բոլոր մյուս պարագաներում ՎԻՎՕ-ի կարգավորումների այլ կերպ մեկնաբանությունն ու կիրառումը հակասում են Սահմանադրության առնվազն 27-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին, որոնց հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության անմիջական պարտականություններն են՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուղղակի պահանջով:
Դավիթ Հարությունյանը ուշադրություն էր հրավիրել նաև Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասով որպես հիմնական իրավունք նախատեսված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի վրա: Կարծում եմ, որ ոստիկանությունն իր ներկա գործելաոճով հիմքեր է ստեղծում, որ ապօրինի վարչական ձերբակալության ենթարկվածները պետության դեմ գույքային և ոչ գույքային վնասների հատուցման զանգվածային պահանջներ ներկայացնեն:
Ըստ էության՝ արդարադատության նախկին նախարարը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ փաստելով, որ ոստիկանության ծառայողների գործողությունները հակաօրինական են:
Վստահաբար Հատուկ քննչական ծառայությունում ծանոթ են այս նամակի բովանդակությանը: Առաջիկայում կներկայացնենք նաև իրավապահ այդ կառույցի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:
Գոհար Սավզյան
168.am