Ուսանողներին կուսակցականացնելուց խոսում է քաղաքական ուժ, որն էլ զերծ չի ուսանողների կուսակցականացումից
Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր ելույթում ասաց, որ իրենցից առաջ ելույթ ունեցած որոշ պատգամավորների ելույթները առնչություն չունեին զեկույցի հետ: ‘’Իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, այս ամբիոնն ունի նաև մոգական ուժ, երբ բոլորը խոսում են այն թեմաների մասին, ինչից իրենք պատկերացում ունեն կամ ցանկություն ունեն’’,-ասաց նա: Ըստ Սահակյանի ելույթնորում պիտի վերհանվեին այն խնդիրները, որոնք իսկապես կան զեկույցում:
Պատգամավորն առաջարկեց ՄԻՊ-ին առանձնացնել հինգ խնդիր, որոնց լուծմամբ կզբաղվի հենց ինքը` որպես ՀՀկ պատգամավոր ու Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: Ապա Սահակյանն ասաց, որ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, և պարզաբանում ստացել զեկույցի այն հատվածի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու 87 դեպքերից երկուսով է ծառայության կողմից քրեական գործ հարուցվել: Պարզաբանման մեջ նշվել է, որ բացակայել է քրեական գործ հարուցելու օրինական հիմքը, իսկ այս դեպքում անհիմն հարուցումով կխախտվեին այլ իրավունքներ:
‘’Խոսվում է ուսանողներին կուսակցականացնելու մասին այս ամբիոնից, և խոսում է քաղաքական ուժ ներկայացնող պատգամավոր, որոնց երիտասարդական թևն էլ զերծ չի ուսանողների ‘’կուսակցականացումից’’, և նրա երիտասարդական կառույցն էլ ունի ուսանողներ, որ հարում են այդ քաղաքական թիմին: Ամբիոնն օգտագործում ու խոսում ենք աղքատության, կոռուպցիայի մասին, իհարկե դրանք մարդու իրավունքների պաշտպանության հետ են կապված, բայց այդ ենթատեքստում պետք է խոսել: Մենք էլ կարող ենք հիշել ոչ այդքան լուսավոր անցյալները, որոնք գոյություն ունեն, բայց չեմ կարծում, որ դա մեզ ինչ-որ տեղ կտանի’’,-եզրափակեց նա: Նշենք, որ ուսանողներին քաղաքականացնելու մասին խոսել էին ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները: