”Բացարձակ սիրուն չէ”
Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ-ի տարեկան զեկույցի քննարկման վերաբերյալ ելույթների ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը բացակայում էր դահլիճից: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. ”Ո՞ւմ համար ենք խոսում, եթե Մարդու իրավունքների պաշտպանը դահլիճում չէ”: ”Դիտողությունը, կարծում եմ, ճիշտ է, շուտով կլինի: Դա էլ վերաբերմունք է, չգիտեմ, կգա, կպարզաբանենք”,-ասաց ԱԺ նախագահը:
”Բացարձակ սիրուն չէ, երբ մարդու զեկույցն ենք քննարկում, ինքը դահլիճում չէ”,-ասաց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ իր ելույթը անվանել է ”Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանության կարիք ունի”:
Պատգամավորը դժգոհեց ”մարտի մեկի” գործով զեկույցում արծարծված գնահատականներից. ” ”Մարտի մեկի” խնդիրն արծարծված է հպանցիկ, գրված է ընդամենը, որ վեց տարվա ընթացքում առաջընթաց չի արձանագրվել, մահացածների անձանց իրավահաջորդների իրավունքները խախտված են: Եզրակացությունն էլ այնպիսին է, որ արդյունավետ միջոցներ պետք է կատարել գործը ավարտին հասցնելու համար: Սա լուծում չէ, այստեղ կա վտանգավոր բան, որ արագ որոշումներև կկայացնեն տասը զոհերի գործը փակելու համար”: