Օրը ցերեկով 9 կրակոց, 1 ծանր վիրավոր. Ժամանակ
՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գրիգոր Կյուրեղյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործն արդեն երկրորդ պտույտն է կատարում մեր դատական համակարգում: Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ անգամ է այս գործով որոշում կայացնում, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու անգամ դատավճիռ է կայացրել:
Առաջին դատավճիռը բեկանվել է վերաքննիչ դատարանի կողմից, գործը հետ է ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Նոր քննության արդյունքում կայացված դատավճիռը հիմա նորից բողոքարկվում էր վերաքննիչ ատյանում:
28-ամյա Գրիգոր Կյուրեղյանը Վրաստանի քաղաքացի է, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին՝ երկու մանկահասակ երեխաներ, հաշվառված է Բոգդանովկայում, փաստացի բնակվում է Երևանում:
Նախաքննական մարմինը Գրիգոր Կյուրեղյանին մեղադրանք էր առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ու 235 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, օրը ցերեկով՝ ժամը 15-ն անց 30-ի սահմաններում, մայրաքաղաքի Դրոյի 2 հասցեում գտնվող ՛՛Lemon lounge cafe՛՛ սրճարանի դիմաց, հասարակական մարդաշատ վայրում Գրիգոր Կյուրեղյանն իր մոտ ապօրինի պահվող, գործով չպարզված հրազենով 9 անգամ կրակել է Վոլոդյա Հովհաննիսյանի ուղղությամբ՝ մեկ կույր հրազենային վնասվածք պատճառելով աջ գոտկային և աջ հետույքային շրջանում, մեկ միջանցիկ հրազենային վնասվածք՝ աջ սրունքի հատվածում և մեկ միջանցիկ հրազենային վնասվածք՝ ձախ ծնկափոսի շրջանում՝ Հովհաննիսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Արձակված մյուս գնդակները, ըստ մեղադրանքի, անդրադարձել են ճանապարհի ասֆալտե ծածկույթից և սլացել տարբեր ուղղություններով՝ իրական վտանգ ստեղծելով տարածքում գտնվող մարդկանց կյանքի համար:
Բարեբախտաբար, այլ մարդ չի տուժել:
Տուժողը ծնունդով Վրաստանի Փոգա գյուղից է: Դեպքի պահին նա սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: