Հոկտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը AJA-ի հետ համատեղ կազմակերպում է տարածաշրջանային համաժողով՝ ”Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն” խորագրով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչները նշեցին, որ համաժողովի պլենար նիստին ելույթով հանդես կգան ՀՀ կառավարության շահագրգիռ մարմինների ղեկավարները եւ ոլորտի միջազգային կառույցների ղեկավարներն ու փորձագետները: Ավելին` համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են ոլորտային կլոր սեղաններ երկու հիմնական ուղղություններով` ոսկեգործություն եւ ադամանդագործություն:
Ոսկերչական ցուցահանդեսին այս տարի կմասնակցի շուրջ 27 երկիր (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Շվեյցարիա, Չեխիա, Թուրքիա, ԱՄԷ, Մեծ Բրիտանիա, Լիբանան, Քուվեյթ, Հնդկաստան, Հորդանան, Արգենտինա, Բելառուս, Ավստրալիա և այլն), ինչպես նաեւ հայտնի ոսկերչական եւ ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերություն եւ մոտ 200 արտասահմանյան գնորդ:
Միջոցառման պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալիերին, ”VICENZAORO” միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի Պետական գանձարանի ղեկավար (ГОХРАН) ԱՆԴՐԵՅ ՅՈՒՐԻՆԻՆԸ, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ ՄԱՔՍԻՄ ՇԿԱԴՈՎԸ (IDMA), Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն ԻՑԽԱԿ ԲԵՆԴՈՐԸ, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ ԳԱՐԻ ԼԵՎԻՆԸ, ինչպես նաև հանրահռչակ Դեբիրս և Ալռոսա ընկերությունների ղեկավարները: