՛՛Որոշել եմ ունեցվածքս բաժանել աղքատներին …՛՛
Ֆեյսբուքի օգտատեր, Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը վերլուծել է քաղաքական զարգացումները. “Որոշել եմ ազնիվ ապրել, բայց չգիտեմ վաղվանից, թե՞ մի քանի օր հետո… Որոշել եմ ունեցվածքս, հարստությունս բաժանել աղքատներին, հաստատ… Բայց հստակ չէ, կկատարե՞մ խոստումս, թե չէ… Բայց հաստատ եմ որոշել…Հա’, հաստատ, վերջնական…
Ի՞նչ է նշանակում՝ որոշել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը ներկա լինել հանրահավաքին, սակայն հստակ չէ, այս թե այլ հանրահավաքի… Թե՞ պետական գաղտնիք է… Կիսահղի վիճակ չի լինում …
Պարզ ասեք, որ հերթական անգամ պաշտոնակռիվ եք տալիս, հերթական անգամ ժողովրդին օգտագործում եք: Ձեր գործողությունները, մարզային հանդիպումները ցույց տվեցին, որ նույն պայքարն է իշխանության համար, նույն նախկին սցենարով, նույնաբովանդակ կատաղած ելույթներով, նույն հիստերիայով…Սակայն լավ իմացեք, մարդկային զանգվածներին գրգռելը, հրապարակ տանելը հեշտ է, առավել դժվար է նրանց կառավարելն ու ուղղորդելը, նրաց ծայրահեղ քայլերից, գործողություններից հետ պահելը …
Երբ ես ասում եմ, որ ունիկալ են մեր քաղաքական գործիչները իրենց քաղաքական դաշտավայրով հանդերձ, ասում եք ո’չ… Ունիկալը, եզակին այն խոսքը չէ, իրենց նմանը տիեզերքում չկա…Նաեւ ունիվերսալ են, բազմաօգտագործման հնարավորություններով…Իրենք նաեւ ունիկալ քաղաքական դաշտավայրից են, քաղաքական տնամերձերից ու բախչեքից…
Զանազան լրատվամիջոցներ գրում են, թե հոկտեմբերի 10-ին մնացել է 3, 2, 1 օր, սակայն մինչեւ այժմ հայտնի չէ, թե ի՞նչ է մեզ սպասվում…
Իսկ ի՞նչ է սպասվում… Մեզ սպասվում է աշխատանք, սեր, կարոտ, երազանք, ընտանիք, հարսանիքներ, ծնունդներ, պարտավորություն Հայրենիքի, Պետության առաջ, աղոթք առ Աստված` բոլորին խելամտություն, հանդուրժողականություն, հարցերը խելամտորեն, կշռադատված եւ խաղաղ լուծելու ունակություն:
Ժողովրդին էլ խելք՝ հերթական անգամ իշխանության տենչացող ուժերի ձեռքին հերթական անգամ գործիք չդառնալու ակնկալիքով…”: