՛՛Երկիրը լցրել ենք քրեական պաշտոնյաներով՛՛
”Ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքական կյանքի գնահատականների տոնայնությունը նույնն է. սակայն արտաքին քաղաքականությունը շատ խնդրահարույց է մեր երկրի ապագայի համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ազգագրագետ, ”Նախախորհրդարանի” անդամ Հրանուշ Խառատյանը:
”Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին նշանակում է, որ մենք ոչ մի դաս չենք քաղում մեր անցյալից: Ուղղակի բռունցքներ ենք թափահարում ամեն գործընթացի ավարտից հետո: Այսօր կրկնվում է 1920 թվականի Հայաստանի խորհրդայնացման շրջանը ու չեմ վախենում հայտարարել, որ Հայաստանը կրկին անգամ բռնակցվում է Ռուսաստանին”,-նշեց Խառատյանը:
Խառատյանը հնարավոր համարեց, որ մյուս պետությունները չցանկանանան մտնել ԵՏՄ և արդյունքում մնան միայն Հայաստանը ու Ռուսաստանը.” Ես չգիտեմ Ռուսաստանի վարած քաղաքականությունը կարող է ավարտվել միայն Հայաստանով, բայց սա էլ կարելի է կանխատեսել: Մենք հիմա գաղութային մակարդակի ենք գնում”:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ հասարակական-քաղաքական գործիչը նշեց. ”Ցավոտ է նաև, որ մեր քրեական հանցագործությունների հեղինակ պաշտոնյաները շարունակ նշանակվում են: Երկիրը լցնում ենք քրեական պաշտոնյաներով, որը կարող է լրացուցիչ արտագաղթի դուռ բացել”,-կարծում է Խառատյանը: