«ՀՀԿ-ի կարծիքը Արցախի հարցում չի համընկել և չի համընկնում այս իշխանությունների կարծիքին»․ Էդուարդ Շարմազանով
Այսօր Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էարտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
Հանդիպման վերաբերյալ 168․am-ը փորձեց մանրամասներ իմանալ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից, սակայն, նա հրաժարվեց այդ թեմայով հարցազրույց տալ։ Այնուամենայնիվ, գոնե մեկ հարցի պատասխան ստանացվեց․
– Պատերազմական իրավիճակի պատճառների շուրջ մեր գնահատականները հստակ տվել ենք, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական դրություն է, չենք կարող գաղտնազերծել և մանրամասներ հաղորդել հանդիպման վերաբերյալ։
– Շատ լավ, միայն մեկ ճշտում․ արդյո՞ք հանդիպման մասնակից քաղաքական ուժերի և վարչապետի դիրքորոշումը Արցախի հարցում նույնն են եղել։
– Ես բոլորի փոխարեն չեմ կարող ասել, բայց, բնականաբար, ո՛չ։ Առնվազն ՀՀԿ-ն 2․5 տարի շարունակ քննադատել է իշխող քաղաքական ուժի գործունեությունը Արցախի հարցում․ այսօր էլ մեր կարծիքները, գնահատականները տարբեր են։ Կներեք, բայց ավել մանրամասներ չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ կան տարբեր կարծիքներ։ Կոնկրետ «Հանրապետականի» կարծիքը Արցախի հարցում չի համընկել և չի համընկնում այս իշխանությունների կարծիքին։ Այսքանը, կներեք, բայց ավելին չեմ կարող ասել։
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am