Վարչապետն Արցախի հարցով մոտ ապագայում կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան
Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը եւ ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարությունից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչ ֆորմատով է լինելու վարչապետի խոսքը, իսկ հարցին՝ վարչապետի խոսքը, մասնավորապես, ինչի՞ն է վերաբերելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ամեն ինչին, մեր հասարակությունը պիտի տեղեկացված լինի. գիտեք, որ այսօր շատ ֆեյք ինֆորմացիա է լցվում դաշտ՝ սկսած անձնականից վերջացրած պատերազմական որոշ հարցերով։ Թուրքն ու ադրբեջանցին աշխատում են ոչ միայն սահմանում, այլեւ համացանցում»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին վերաբերյալ լուրերին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Նման հիմար ստեր տարածողները պատժվելու են։ Կարող եմ ասել, որ այսօր մի 3 էջ ունեցող մի հեղինակ բացահայտվել է եւ պատասխանատվության է ենթարկվելու»։
Հարցին՝ արդյոք քննարկվո՞ւմ է Արցախի անկախության ճանաչման հարցը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Արցախի անկախության ճանաչման հետ կապված մենք պետք է հասկանանք դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործումը, հետեւանքները եւ հետագա գործողությունները։ Պարզ է, որ անկախացումը բոլորիս համար ամենակարեւոր հարցն է։ Բոլոր ուղղություններով մեր գործընկերների հետ աշխատում ենք։ Գնալու ենք ու գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով։ Շատ կարեւոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ աշխարհի կողմից, եւ դրան հետեւի կոնկրետ իրավական քայլեր»։
Հարցին՝ հիմա որքանո՞վ է հավանականությունը մեծ, որ կկարողանանք հասնել Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունների՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Հրապարակվել է փաստաթուղթ Լավրովի կողմից։ Այսօր մենք պետք է հասնենք այն բանին, որ լայնամասշտաբ հարձակումը, որն ի փառս մեր զինվորների՝ կարողացել ենք զսպել, կանգնեցնենք եւ անցնենք նշված փաստաթղթի մնացած կետերի իրագործմանը»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում. «Չնայած այն սին հայտարարություններին, թե հարաբերությունների հետ կապված խնդիր կա, այսօր ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում։ Համագործակցումը, փոխըմբռնումը, իրավիճակի սթափ գնահատումը կա բոլոր գործընկերների հետ»։