Զարգացնել բասկետբոլը
Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության բասկետբոլի «Դինամո» կենտրոնական ակումբի պատվավոր նախագահ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Գոմելսկուն, գործադիր տնօրեն Սերգեյ Սկորոչկինին և բասկետբոլի տղամարդկանց Մոսկվայի ՛՛Դինամո՛՛ ակումբի նախագահ Գոռ Խեչոյանին:
Նախարարը նախ ողջունել է հյուրերին, ապա տեղեկացրել նրանց, որ մեր երկրում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվում մարզաձևի զարգացման և մասսայականացման ուղղությամբ:
Հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել նախարարին ընդունելության համար՝ նրան ներկայացնելով իրենց առաջարկություններն ու ծրագրերը մեր երկրում երեխաների համար բասկետբոլի մասնագիտացված դպրոց հիմնելու վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել այդ նպատակով մեր մասնագետներին ցուցաբերել մեթոդական ևմարզչական աջակցություն, ինչպես նաև օգնել կազմակերպել ամենամյա միջազգային մրցաշարեր Հայաստանում:
Կողմերը եկել են համաձայնության, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն մարզաձևի բարձրորակ ռուս մասնագետներ, որոնք առկա մարզաբազաների, նրանց հնարավորությունների ուսումնասիրություններից հետո, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կսկսեն հնարավոր ծրագրերի իրագործումը: