26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նարեկի բժշկարար աղոթք մեր վիրավոր զինվորների համար

 ՆԱՐԵԿԻ ԱՅՍ ԲԺՇԿԱՐԱՐ ԳԼՈՒԽԸ ԸՆԹԵՐՑԵՆՔ ՄԵՐ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ: ՀԻՇԵՆՔ, ԵՐԲ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿԱՄԵՆՈՒՄ ԱՅԼՈՑ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ՄԵԶ Է ՆՈՒՅՆԸ ԿԱՄԵՆՈՒՄ ԱՄԵՆԱՆԵՂ ՊԱՀԵՐԻՆ:

-Փառքդ շատ, Տեր, մեր Հենարան, Բժիշկ, Ուսուցիչ, Փրկիչ և Առաջնորդ:

ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾԱՍՏԾՈՒՆ

ԲԱՆ Գ

Ա

Տե՜ր իմ, Տե՜ր Աստված, պարգևներ բաշխող, ինքնաբուն բարի, ամենքին տիրող հավասարապես, անգոյությունից կյանք գոյավորող միա՛կ Արարիչ, փառավորվա՜ծ Ես, ահարկո՜ւ, ահե՜ղ, սոսկալի՜, հզո՜ր, նաև խստամբե՜ր և անտանելի՜, անմերձենալի՜, անըմբռնելի՜, անիմանալի՜, անքննելի՜. անճառելի՜ Ես, անտեսանելի՜, անզննելի՜, անշոշափելի՜, անորոնելի՜, առանց սկզբի և հա՜ր անվախճան:

Անմո՛ւթ գիտություն, աներկմի՛տ տեսություն, Էականություն ճշմարիտ, նաև՝ բարձր և խոնա՜րհ, գոյություն անվե՜րջ օրհնաբանելի, անստվե՜ր ծագում, և ամե՜ն կողմից փայլող ճառագայթ, խոստովանվա՛ծ լույս, անտարակուսելի՛ վստահություն, անտարտա՛մ հանգիստ, անփոփո՛խ կնիք, անսահմա՛ն տեսիլ, վկայվա՛ծ Անուն, Ճաշա՜կ քաղցրության, Բաժա՜կ բերկրության, հոգի հաստող Հա՛ց, Սե՛ր, որ՝ օտար է մթություններին, աներկբայելի ու վստահ խոստում, ծածկո՜ւյթ ցանկալի, զգե՜ստ անկապուտ, օթո՜ց բաղձալի և փառքերի զա՛րդ, ձեռք բռնող Դու Մե՛ծ, գովյա՛լ ապավեն, աննվա՛զ շնորհ, և գա՛նձ անպակաս, անապա՛կ անձրև, արփիացնցուղ ցո՛ղ, և Դե՛ղ՝ տեղացող ամեն կողմերից, բժշկություն Ես, և սակայն՝ ձրի, և՝ առողջությո՛ւն Դու կրկնաձիր, Վեհագո՛ւյն խրախույս, անպատրա՛նք կոչում, հանո՜ւր ավետիս: Եվ ստրկամեծար Թագավո՛ր Ես Դու, և աղքատասեր, Պաշտպա՛նն աղքատի, մշտապես Հարուստ, որ բաշխո՛ւմ է միշտ. Քեզ դիմողների համար անխափան Ներկայությո՛ւն Ես, հրամաննե՛րդ են աննահանջելի, Հո՛ւյս Ես անպակաս, և Տեսողությո՛ւն՝ ժամանակների այն կողմից էլ դուրս:

Անզի՛ղջ պարգևող, Ամենաբա՛շխ աջ, Արդարակշի՛ռ ձեռք, Աչք Ես՝ ամե՛ն բան անաչառ տեսնող, Մխիթարո՛ղ ձայն և լո՛ւր ամենայն սփոփանքների, Բերկրաբե՛ր Հոգի, Կենդանի՛ Անուն, Մա՛տ Նախախնամ, Անգայթակղելի՛ ելք, Անխարդա՛խ ընթացք, Կենդանարա՛ր կամք, Աննե՛նգ խրատող, Աննախանձելի՛, մշտասո՜ւրբ Պատիվ, Լայնակա՛ն հնարք, Անձկակա՛ն պայման, Անգտնելի՛ հետք, Աներևո՛ւյթ շավիղ, Անչափագի՛ր պատկեր, և որքանությո՜ւն Անսահմանության, և Քո տեսակով՝ Աննմանելի՜, Անզուգակա՛ն գութ, և Ողորմության բազմազե՛ղ հեղում, Խոնարհությո՛ւն Ես տոնելի, նաև Համբո՛ւյր փրկարար:

Եվ ավելին էլ կարող ենք ասել, քան թե իմ թված խորապես ազդող հատկանիշները Քո վայելչական, որ Աստվածությանդ պարգևներն են մեզ. Օրհնվա՜ծ, Գովվա՜ծ և Բարեբանվա՜ծ, Քարոզված, նաև՝ Ավետարանվա՜ծ, Հռչակվա՜ծ, նաև Բա՜րձր հնչեցված, Պատմվա՜ծ, նաև՝ Քո անխաբելի Կամքով աղաչվա՛ծ, և այն, ինչ որ մեզ պարգևներ բերին Հանդերձյալները՝ իրենց ճառերում լուսաբանելով նկարագիրը Քո Բազմաճառագ, այդ Քեզանից էր քաղցրությամբ հոսում ու հասնում էր մեզ, և որոնցով էլ իմ փրկությունն Ես տեսցրել զվարթ ու երանական, իբրև թե լիներ իմ արժանության պարարտությամբ լի և իմ ախորժի տենչանոք լեցուն, քանի որ ոչ թե փառավորվում Ես սնոտիապատվաստ երգիս միջոցով, այլ ա՛յն պատճառով, որ վերցնում Ես աղերսը փոքրիս և հագեցնում Ես խոսածս խոսքը Մեծիդ փրկությամբ:

Բ

Եվ որովհետև երկրում եղած բոլոր ազգերին, որ տնկվեցին որպես բանական նման այգիներ, որոնք ամենքն էլ ենթակա դարձան նույն իսկ կրքերի պատահմունքներին՝ որոնց մասին որ հիշատակվում է նոր այս մատյանի ողբաձայն հնչող նվագների մեջ, այս նույն պատվերն է հանձնարարական՝ թե նշավակված նույն իսկ վիճակն է յուրաքանչյուրին և որպես համայն նույն կարիքները Մեծիդ Գիտությամբ առնելով կցորդ, դրանք բոլորն էլ հավաք դարձրած ու միագումար՝ ուղղում եմ ահա ողջ տիեզերքի քրիստոնյաներին՝ ինչ լեզվով էլ որ խոսելիս լինեն, նրա՛նց եմ հղում, ովքեր կյանքի մեջ նոր են ժամանել, և ապա նրա՛նց, ովքեր արբունքի հասակն են ապրում, և նրա՛նց, ովքեր մահվան օրվանն են սպասում իրենց, անկար ծերության մեջ ընկածներին, և նրանց, ովքեր որ պարտքե՛ր ունեն, և՝ արդարների՛ն, բարձրահոնների՛ն, որ՝ գովում են իրենց, սխալվածների՛ն, ովքեր որ իրենց անձերն են դատում, եղեռնագործի՛ն և բարիների՛ն, նկունների՛ն և քաջարիների՛ն, ստրուկների՛ն և՝ իրենց տեղերից վա՛յր ընկածներին, սեպուհների՛ն և գերաշխարիկների՛ն, միջակների՛ն և պայազատների՛ն, շինականների՛ն և տոհմի՛կ մարդկանց, թե՛ արուներին և թե՛ էգերին, նրա՛նց, ովքեր որ հրամայո՛ւմ են:

Հնազանդների՛ն: Նրա՛նց, ովքեր որ՝ գերի՛ են տանում և՝ գերվածների՛ն, նրա՛նց, ովքեր որ վե՛հ են մարդկանց մեջ, նաև փոքրերի՛ն, պատվականների՛ն, ռամի՛կ մարդկանց, ձիավորների՛ն և հետիոտների՛ն, քաղաքների մեջ բնակվողների՛ն և նրա՛նց, ովքեր գյուղո՛ւմ են ապրում, և արքաների մեծ գոռոզության ահավո՛ր սանձով բռնված մարդկանց. մենակյացների՛ն, որ Վերնայինի՛ հետ են խոսակցում, մաքուր կենցաղով բնակվողների՛ն, որ զգա՛ստ են միշտ ու տիրանվեր, քահանաների՛ն՝ երջանկակրոն ընտրվածությամբ, և բարեզգեստ դիտորդների՛ն, որ՝ այցելում գործե՛րն են գնահատում, և գահի ներքո ա՛յն աթոռներին, որ տեսողությամբ սրբանվե՛ր են ու հավատարի՛մ, նրանցից ոմանց աղե՛րս աղաչանք, ոմանց համար էլ բարի՛ խրատներ՝ իմ աղոթքների այս մատյանո՛վ եմ մատակարարում, որ ձեռնարկեցի Հոգու զորությամբ, թե՝ ամե՛ն մեկի համար պիտանի մաղթանքներ կարգեմ, և թող նրանցից յուրաքանչյո՛ւրն էլ այս խնդրանքներով, Մեծիդ Գթությա՛մբ՝ Առջևդ ելնեն ու խոսե՛ն Քեզ հետ:

Գ

Եվ մատյանը այս ովքեր ընթերցեն, դարձնե՛ս նրանց սրտերով հստակ, ու բժշկությո՛ւն տաս հոգիներին և հանցանքներից իսպա՛ռ մաքրություն, և տա՛ս պարտքերին թողության պարգև ու արձակումնե՛ր մեղքի կապանքից: Եվ թող որ լինի արցունքի բխում՝ սրա՛ միջոցով, սրա միջոցով պարգևվի թող ի՛ղձն ապաշխարության: Եվ շնորհի՛ր, Տէ՛ր, ի՛նձ էլ նրանց հետ մեղքից զղջման կամք, իսկ նրանց համար ձայնիս միջոցով՝ շո՛ւնչ բարեհամբույր, նրանց խնդրանք ու պաղատանքները իմ այս մատյանով ընծայում եմ Քե՛զ, հեծությունները նրանց Քո առջև՝ խունկի՛ պես լինեն թող ի՛մ խոսքերով. և այն ժամանակ, երբ որ համբույրով ողբերգությունն այս մարդիկ ճաշակեն, Լույսի՛դ Շնորհը մտնի նրանց մեջ ի բնակություն: Եվ եթե ելնեն բարեպաշտները իմ այս մատյանով աղոթքի ընծա մատուցելու Քեզ, Հանուն Քեզ եղած նրանց կենդանի հոգիների հետ՝ ի՛նձ էլ ընդունիր գթառատությամբ:

Ախտավորների աչքերից եթե սրա միջոցով արդեն սրբության արցունքներ կաթեն, թող որ Քո՛ կամքով, ո՛վ Խնամակալ, անձրևես դրանք նաև ի՛նձ վրա: Թե իմ գրվածքի կենդանի խոսքով հաղորդվողները փրկությա՛ն հասնեն, Դու ի՛նձ էլ հաշվես նրանց հետ փրկված՝ օրհնյա՛լ Քո Կամքով: Թե խոսքիս ձեռքով ոմանց սրտերի գաղտնարաններից հեծեծա՛նք դուրս գա, և ընդունելի՛ լինեն Քեզանից ու Դու ողորմե՛ս, ի՛նձ էլ ողորմիր նրանց հետ մեկտեղ: Թե մաքուր մի ձեռք անուշ խնկարկմամբ վե՛ր բարձրանա Քեզ և իմ խոսքերով նրա աղոթքը լինի լսելի, աղաչանքների այս աղերսնե՛րս էլ ընդունիր, Բարձրյա՛լ: Թե բազմապիսի տառապանքներից իմ խոսքով ոմանք ազատում գտնեն, թող ի՛նձ էլ լինի կրկնակի շնորհ:

Եվ եթե մեկը անձն իր սրանով Բանի Պատարագ առջևդ գործի՝ Քեզ ի՛ հաճություն, ի՛նձ հետ միացած թող ընծայի Քեզ: Թե տխրությունից ու ձանձրույթից մեկը նվաղի, վերստին առողջ ոտքի՛ կանգնի թող՝ հառաչանքների այս իմ խոսքերով հուսալով առ Քեզ: Եթե ամբարտակը վստահության մեղքով խորտակվի, Աջո՛վդ արարած այս պատնեշներով՝ կառուցվի՛ դարձյալ: Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի, կրկի՛ն միանա՝ այս անգամ արդեն՝ Ամենակալիդ զորավոր կամքով բարվո՛ք պատվաստված:

Դ

Մահվան ցավերի վտանգով եթե մեկը պաշարվի, թող որ սրանո՛վ փրկություն գտնի՝ արդեն ապրելու հույս ստանալով, և իր աղոթքը արդեն անարգե՛լ բարձրացնի Քեզ՝ ապրեցնո՛ղդ Աստված: Թե մեկի սիրտը խոցվի տագնապի տարակույսներով, թող այս մատյանով ողջանա՛ դարձյալ՝ Քո քաղցրության բարեհաճությամբ: Եթե պարտքերն իր արդեն վճարել չկարենալով՝ մեկը գլորվի խորքն անդունդների, փրկության կարթի այս մի հնարով ելնի՛ դեպի լույս՝ Քեզնո՛վ պաշտպանված: Եթե թմրության խավար գործերով մեկը վնասվի, կրկին սրանո՛վ թող որ զորանա՝ արդեն ապրելով միայն հանո՛ւն Քո, իր ապաստանը գտնելով Քո՛ մեջ, Միա՛կդ Ապավեն: Եթե պահապանը վստահության որևէ մեկին լքի հեռանա, այս միջնորդությամբ Քո Ձեռքը նրան կրկի՛ն ամրացնի՝ նո՛ւյն հաստատությամբ: Թե զգուշություն պահպանողներից մեկը ամայի վայրում դեգերի, թող այս մատյանի՛ ընթերցանությամբ սպասի դարձիդ՝ Նորոգո՛ղդ Աստված: Եթե սարսուռը դիվային ջերմի դողահարությամբ խռովի մեկին, թող որ սթափվի՛ այս նույն նշանով կյանքի մատյանի՝ խոստովանությամբ երկրպագելով Խաչի՛դ Խորհրդին: Թե անօրենության խորտակիչ հողմը հանկարծ բարձրանա և բախվի մարդու մարմնի կառույցին՝ երկրային ծովում, թող Քեզ պատկանող այս մատյան ղեկով հանդարտվի՛ դարձյալ:

Ե

Մատյանն այս, Տէ՛ր իմ, դարձնես Կենա՛ց դեղ, և՛ հոգիների, և՛ մարմինների ցավերն հոգալու՝ Քո Կամքի՛ Ձեռքով ստեղծածներիդ: Այդ ամենն է, որ սահման կարգեցի ողբի մատյանում, սկսելով այն՝ հանո՛ւն Քո, Բարձրյա՛լ: Սկսածս Ի՛նքդ ավարտին հասցնես, և թող Հոգի՛ն Քո խառնվի սրան, Մեծիդ զորության շո՛ւնչը միանա՝ Քո շնորհած իմ բանաստեղծության ասելիքներին: Որովհետև որ վհատ սրտերին Դու Ի՛նքդ Ես տալիս շնորհ զորության՝ ամեն կողմերից արժանիորեն փա՛ռք ընդունելով: Ամէ՛ն:

Փոխադրությամբ Մաքսիմ եղբոր

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ